Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

19-09-2019 19:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի առաջատար ներկայացուցիչներից մեկի ներդրումը մեր երկրում բանկային մենեջմենթի մշակույթի զարգացման գործում: «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի՝ Հայաստանում ծավալած գործունեությունից, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությունից և նշել, որ HSBC-ն հետաքրքրված է մեր երկրում գործունեությունն ու ծրագրերն ընդլայնելու հարցում: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացմանը միտված բարեփոխումները և նշել, որ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելը: Այս համատեքստում հեռանկարային կարող է լինել նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ HSBC-ն հուսալի գործընկեր է, և կառավարությունը պատրաստ է քննարկել Հայաստանում բանկի ներկայացվածության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Lragir.am,
19-09-2019 19:32