Բաքվի «լիազոր դեսպանը» ՀԱՊԿ-ում

Իլհամ Ալիեւն ընդունել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը, որը 2020 թվականի հունվարի 1-ից դառնալու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Զասին շնորհավորել են նշանակման կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելով Զասը ներդրում կունենա ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում»: Օրերս Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր չէ որեւէ կերպ մասնակցել ՀԱՊԿ-ին, այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարել է, որ չնայած ՀԱՊԿ Կանոնադրությունում փոփոխությունների վավերացմանը, Երեւանը մտադիր չէ համաձայնվել ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որեւէ կարգավիճակի: Այն, որ Ռուսաստանը դեմ չէ Ադրբեջանի մասնակցությանը, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Բորիսովը: Դատելով Ալիեւի ու Զասի հանդիպումից՝ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի հետ բարեկամություն է անելու գլխավոր քարտուղարի մակարդակով: Ստանիսլավ Զասը սերտ կապված է Բաքվի հետ, որտեղ սպայական կրթություն է ստացել: Ալիեւի ու Լուկաշենկոյի կապերի մասին էլ վաղուց է հայտնի: Ալիեւը, Զասին հրավիրելով Բաքու, ցույց է տալիս, որ չնայած դիտորդի կարգավիճակ չունենալուն, ՀԱՊԿ-ում այսուհետ «լիազոր դեսպան» է ունենալու: Պաշտոնական Երեւանն ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանի նախագահի ու ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղարի ֆլիրտին: Ադրբեջանի նախագահն արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ անգամ առանց ԵԱՏՄ-ին անդամակցելու իր գործընկերների միջոցով կարող է ազդել դրա վրա: ԵԱՏՄ Խոհրդի նիստին, որտեղ որոշվում էր Հայաստանի անդամակցության հարցը, Ղազախստանի նախագահ Նազարբաեւն ընթերցել էր «մեր ընկեր Ալիեւի» նամակը: Այն ժամանակ Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ ԵԱՏՄ մաքսակետեր չդրվեն Հայաստանի ու Արցախի սահմանին, բայց իրավիճակը մեղմ ասած տհաճ էր:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
19-09-2019 19:29