Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Օ’Բրայենին

19-09-2019 20:22

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Պարոն Ռոբերտ Օ’Բրայենին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Ձե՛րդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը պետքարտուղարությունում՝ որպես պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի՝ կասկած չունեմ, որ Դուք մեծ եռանդով և նվիրվածությամբ կիրականացնեք Ձեր նոր պատասխանատու առաքելությունը: Հայաստանը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես իր ամենավստահելի և հուսալի գործընկերներից մեկը, և կարող եմ վստահեցնել, որ պատրաստ եմ Ձեզ հետ աշխատել համատեղ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով` պաշտպանելու մեր ընդհանուր արժեքները, կանխելու մեր ժողովուրդների բարեկեցությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները: Հարգելի՛ գործընկեր, հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով: Խնդրում եմ ընդունեք իմ բարձր գնահատականի հավաստիացումները»:

Lragir.am,
19-09-2019 20:22