Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը

21-09-2019 10:35

Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային դիվա Աննա Կասյանը: Երգչուհին կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից: Երեկոն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին: Նյու Յորքի Կարնեգի հոլ, Միլանի «Լա Սկալա», Հռոմի օպերա, Ժնևի օպերա, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ դահլիճ. աշխարհի բազմաթիվ այլ հեղինակավոր բեմերում է ելույթ ունեցել փարիզաբնակ Աննա Կասյանը: Ելույթ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Երևանում Աննա Կասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Lragir.am,
21-09-2019 10:35