Վերջապես

21-09-2019 13:30

Գյումրիում Անկախության օրվա տոնակատարության շրջանակում Մեր ժամանակի հերոսը մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ իր ժամանակների հերոսը իր հայրն ու մայրն են, հազարավոր մարդիկ, ովքեր 1946-47 թթ., պատերազմից հետո, երբ երկիրը կատաստրոֆիկ վիճաում էր, առանց վախենալու վերադարձել են հայրենիք՝ Գյումրի, ու շենացրել քաղաքը, կոչ արեց բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու: Հայաստանի նոր իշխանությունը, ի դեմս նախագահի ու վարչապետի, պաշտոնապես կոչ է անում հայերին վերադառնալ հայրենիք, չվախենալով ոչ մի բանից: Հայրենադարձությունը հռչակվել է Նոր Հայաստանի առաջնահերթություններից մեկը: Մնան, որ հեղափոխությո՞ւն անեն, արտագաղթի կապակցությամբ «արդարանում» էր նախորդ վարչակարգի բարձրաստիճան ներկայացուցիչը: Դա փաստացի պետական քաղաքականություն էր, լայն իմաստով, քանի որ Հայաստանում ձեւավորված տնտեսա-քաղաքական հարաբերությունները բացառում էին այն պայմանները, որոնք առնչվում էին մարդկանց իրավունքներին ու ազատ կենսագործունեությանը: Գյումրիում Մեր ժամանակի հերոսը նախաձեռնություն-մրցանակաբաշխությունն ազդարարումն է նոր իրավիճակի, երբ գնահատվելու է մարդը իր արարման ու նախաձեռնողականության մեջ, սեփական ուժերի հանդեպ հավատի ու վստահության խրախուսմամբ: Կառավարության խնդիրն է այս հարցում հետեւողականությունը. մնացածը մարդիկ կանեն:

Lragir.am,
21-09-2019 13:30