Տոնական զբոսանք Գյումրիում

22-09-2019 14:02

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Գյումրիում Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո, զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում: Նախագահը ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել է գյումրեցիների ու քաղաքի հյուրերի հետ՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղելով նրանց: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է նաև քաղաքի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ ջերմ հյուրընկալության արժանանալով իր համար վաղուց հարազատ դարձած այդ վայրում․ ամեն անգամ Գյումրիում գտնվելիս Արմեն Սարգսյանը գրեթե միշտ այցելում է այստեղ: Նախագահը բոլորին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ: Թեյի սեղանի շուրջ նախագահն ու տիկին Սարգսյանը զրուցել են վաղեմի բարեկամների՝ փուռ-սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ, հետաքրքրվել նրանց կյանքով ու աշխատանքով:

Lragir.am,
22-09-2019 14:02