Հայկական գամբիտ Մերձավոր Արեւելքում

Հայաստանը Մերձավոր Արեւելքում ձեռնարկել է յուրահատուկ գամբիտ: Կառավարությունը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին: Դիվանագիտական ներկայացուցչություն բացելով Իսրայելում, մենք եւս մեկ անգամ հաստատվում ենք տարածաշրջանում, որտեղ ունենք մեր առաջնահերթությունները, հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում: Իսրայելն անմիջապես «ջերմորեն ողջունել է» Հայաստանի մտադրությունը, թեեւ չի հայտարարել, որ իր հերթին դեսպանատուն է բացելու Երեւանում: Հայաստանն այսպիսով ավելացնում է իր ներկայացուցչությունները տարածաշրջանում, որտեղ ներկայում ձեւավորվում է նոր աշխարհակարգը: Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններն անամպ չեն. Իսրայելը բարձրտեխնոլոգիական սպառազինություն է մատակարարում Բաքվին, ավելին՝ օգնում այն կիրառել հայերի դեմ: Նույն օրը, երբ Հայաստանը հայտարարեց Իսրայելում դեսպանատուն բացելու մասին, Երեւան ժամանեց Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Աբու Սաաբը: Դավիթ Տոնոյանի հետ համատեղ ասուլիսին նա նշել է. «Մենք փաստացի պատերազմական վիճակի մեջ ենք Իսրայելի հետ, թեեւ ակտիվ ռազմական գործողություններ ներկայում չկան: Իսրայելն օկուպացրել է Լիբանանի տարածքի մի մասը», ասել է նախարարը: Հենց այդ պատճառով ՄԱԿ-ի UNIFIL առաքելությունը գտնվում է այդ գոտում, լիբանանյան ու իսրայելական ուժերի միջեւ: Հայաստանը մասնակցում է այդ առաքելությանը: Նա ասել է, որ վերջերս  Իսրայելի անօդաչու սարքերը գրեթե հասել են Բեյրութ: Դրանցից մեկը կանգնեցվել է: Հայաստանն ու Լիբանանը նման մարտահրավերներ ունեն: Հայաստանի սահմաններին նույնպես պարբերաբար սպառնում են անօդաչուները: Մենք կիսվում ենք հետախուզական տվյալներով ու փորձով, որպեսզի պաշտպանենք մեր երկրները նման հարձակումներից, ասել է լիբանանցի նախարարը: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ քաղաքակրթական եւ պատմա-մշակութային արժեքների գիտակցումը բացառիկ հնարավորություն է ամուր հիմքերի վրա հարաբերություններ կառուցելու համար: Հայաստանը բավարար քաղաքակրթական ռեսուրս ունի տարածաշրջանում իր խոսքն ասելու համար:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
22-09-2019 16:06