Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է

22-09-2019 19:03

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Արոնյանի մրցակիցը Վիետնամից Լե Քուանգ Լիեմն էր: Երկու դասական պարտիաների խաղաղ արդյունքից հետո գրոսմայստերները  մրցեցին արագ և կայծակնային շախմատում, որտեղ երեք պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ մեկում հաղթանակ տոնեց Արոնյանը 2,5-3,5: Հայ գրոսմայստերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա հակառակորդը Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավն է: Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Lragir.am,
22-09-2019 19:03