Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

22-09-2019 23:01

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Աշխատանքային այցը սկսվել է Լոս Անջելես քաղաքում նախատեսված օրակարգից: Սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Ողջունելով ՍԴՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.«Հարգելի պարոն Սարաֆյան, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ այսօր այստեղ հանդիպելու ու նաև մեր ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու համար: Իհարկե, այս այցը, որքան էլ փորձում ենք գործնականացնել, ավելի շատ էմոցիոնալ է ստացվում, քան թե գործնական: Դա, համենայն դեպս, վատ չէ, որովհետև ավելի լավ ֆոն է ստեղծում մեր երկրի, ժողովրդի հետ կապված օրակարգի շատ հարցեր շատ ավելի լավ մթնոլորտում քննարկելու համար: Շատ ուրախ եմ, ողջունում եմ ձեզ, և հույս ունեմ, որ հետագայում էլ մեր շփումները, քննարկումները կլինեն նույնպիսին»: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության անունից ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել, որ ՍԴՀԿ-ն ողջունում և աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: «Հարգելի պարոն վարչապետ, ՍԴՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ հայրենիքում իրականացվող ժողովրդավարական, տնտեսական, իրավական փոփոխությունների գործընթացում: Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ կկարողանանք հաջողությամբ շարունակել մայր Հայաստանի առաջընթացը», – նշել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող փոփոխություններին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին Սփյուռքի ներգրավմանը, Հայաստանի տնտեսական առաջընթացի ապահովման ուղղությամբ ջանքերի համատեղմանը վերաբերող և այլ հարցեր: Հայաստանի վարչապետը, անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման միտումներին, նշել է, որ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշները տարբեր ուղղություններով գնալով ավելի լավատեսական են դառնում, առկա է լավ դինամիկա, միջազգային հանրության արձագանքը ևս նպաստում է այդ ընթացքին: «Այս փուլում կարևորում եմ Սփյուռքի հետ հաղորդակցության ճիշտ մթնոլորտի կառուցումը, նկատի ունեմ այն, որ Սփյուռքում օտարվածության, կտրվածության որևէ զգացում չպետք է լինի, Սփյուռքը լիարժեքորեն պետք է ներգրավված լինի Հայաստանի առաջընթացի գործընթացում: Այդ իսկ նպատակով իմ արտերկիր այցերի ժամանակ հանդիպումներ եմ ունենում Սփյուռքի հայ համայնքների հնարավորինս լայն շրջանակների հետ: Կարծում եմ՝ մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
22-09-2019 23:01