Ինչ է ասել վարչապետը Արթուր Վանեցյանին

26-09-2019 14:08

Վարչապետը դժգոհ է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքից, այսօր լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ընդհանրապես նշանակովի պաշտոնում հրաժարական չի լինում: Ընտրովի պաշատոններում է ավելի շատ հրաժարական լինում, իսկ նշանակովի պաշտոններում աշխատաքից ազատում է լինում: Եվ այս դեպքում ես կարծում եմ, որ պետք է այդ տրամաբանության շրջանակներում նայել»,- ասաց նա: Գրիգորյանը նշեց, որ հնարավորինս բաց գործընթաց է եղել, վարչապետն ասել է, որ գոհ չի եղել աշխատանքից: «Այս որոշումն ամբողջովին գտնվում է վարչապետի լիազորության տիրույթում և վարչապետը որոշում է»,- հավելեց նա: Անդրադառնալով հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ Վանեցյանն իր քայլերով ուսադիրները գցեց աղբամանը, ինչպես վարչապետն է ասում, Արմեն Գրիգորյանը պատաասխանեց․ «Վարչապետն ինչ ասել է, համապատասխանում է իրականությանը, և այս առումով մի շատ կարևոր բան էլ եմ ուզում ֆիքսել: Ընդհանրապես քննարկվում է արդյոք գերագույն գլխավոր հրամանատար է վարչապետը, թե ոչ: Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում նշվել է գերագույն գլխավոր հրամանատար պատերազմական պայմաններում: Ես կարող եմ հիմա հարց տալ՝ Հայաստանը պատերազմի մեջ է, թե ոչ: Դա շատ կարևոր է, որ փաստացի մենք պատերազմի մեջ ենք: Սահմանադրությունը ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի: Փաստացի Հայաստանը լինելով պատերազմական դրության մեջ, Սահմանադրություն փոփոխողը, մեկ անձ է դա եղել, և մեկ անձի համար Սահմանադրություն են փոխել, դա բաց է առաջացնում: Եվ մենք հիմա էլ հանրային դիսկուրսում բախվում ենք այդ խնդրին, մարդիկ ասում են՝ բա Սահմանադրությամբ գրված է միայն պատերազմի ժամանակ: Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը պատերազմի մեջ է, թե ոչ: Եթե պատասխանն այո է, դե ֆակտո մենք պատերազմի մեջ ենք, ապա Սահմանադրությունը որոշ չափով ինձ համար պատասխանում է այդ հարցին»,- նշեց նա: Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև հարցին, թե Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր կոռուպցիոներների հովանավորչությամբ զբաղվել: Նա ասաց, որ եթե այդպիսի բան լինի, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով: Հարցին, որ նաև հեղաշրջման վարկած է շրջանառվում, որ Վանեցյանի ղեկավարությամբ իբր հեղաշրջում էր նախապատրաստվում, Գրիգորյանը պատասխանեց, որ այդպիսի վտանգ չի տեսել:

Lragir.am,
26-09-2019 14:08