Աղբահանության հիմնարկը թանկ է նստում քաղաքի վրա. Անհրաժեշտ է երկրորդ օպերատոր

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Պարոն Խաժակյան, Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզեց պայմանագիրը «Սանիթեք» ընկերության հետ: Այդ ընկերությունն արդեն հայտարարել է միջազգային արբիտրաժ դիմելու մասին: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Այսօրվա դրությամբ պայմանագրի լուծարումն այլընտրանք չուներ, քանի որ մեկ ամսից ավելի փաստացի այդ ընկերության կողմից ծառայություն չէր մատուցվում: Այդ պայմաններում անտարամաբանական կլիներ նրանց վճարելը կամ այդ պայմանագիրը շարունակելը: Բայց մենք ավելի վաղ նախանշել էինք այն ճանապարհը, որով հնարավոր կլիներ խուսափել այս իրավական վեճից: Այն է՝ պայմանագրերից մեկի լուծարումը փոխադարձ համաձայնությամբ և նոր օպերատորի ներգրավումը քաղաքի մյուս կեսի համար: Բայց քաղաքապետարանը գնաց կապալառուի հետ առճակատման ճանապարհով, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Պետք է արդեն պատրաստվենք այդ իրավական ու տնտեսական վեճին: Միջազգային արբիտրաժում հաղթելու շանսեր որքանո՞վ կարող է ունենալ մի ընկերություն, որը թերացել է իր աշխատանքում, և նաև դուք ասացիք՝ վերջին մեկ ամսում փաստացի ծառայություն չի մատուցում քաղաքին: Ես կասեմ, որ վեճը բարդ է լինելու, նախ և առաջ քաղաքապետարանը պետք է պրոֆեսիոնալ փաստաբանական թիմ ձևավորի: Նույնիսկ պաշտպանվելը այդ դատարանում, թեկուզ հաղթելը բավական գումար է արժենալու՝ զուտ ներկայացված լինելու տեսանկյունից: Քաղաքապետարանը համապատասխան ֆինանսական միջոցեր պետք է նախատեսի, որպեսզի կարողանա արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման նորաստեղծ հիմնակի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Արդեն կան գնահատականներ, որ մայրաքաղաքը մաքրվում է աղբից: Խնդիրը խոշոր առումով լուծված է: Իհարկե, վայրեր կան, որտեղ աղբը շարունակվում է նախատեսվածից շատ կուտակվել, բայց խնդիրն ընդհանուր առմամբ կարգավորված է: Հետագայում աղբահանության խնդրի լուծումը արդյոք պետք է այս ճանապարհով շարունակվի, թե՞ նոր՝ երկրորդ օպերատորի ներգրավման հարց պետք է լուծել: Մենք ունենք ավագանու մեծամասնության կողմից ընդունված փաստաթուղթ՝ Երևանի զարգացման 2019 թվականի ծրագիրը: Դրանում հստակ նշված է, որ քաղաքապետարանը պարտավորվում է բաց և թափանցիկ մրցույթի միջոցով ներգրավել նոր օպերատորի: Եվ դա ոչ թե երկարաժամկետ ծրագիր է, այլ 2019 թավականի քաղաքապետի և ավագանու մեծամասնության ստանձնած պարտավորությունն է: Եթե այս տարվա ընթացքում դա չիրականացվի, մենք կարձանագրենք, որ այս մասով խոստումը չի իրականացվել: Եվ այստեղ որևէ վերապահում պետք չէ ունենալ, որովհետև երկրորդ օպերատորի ներգրավումը ճիշտ որոշում է: Այս պահին փաստացի քաղաքում շարունակում է գործել մեկ օպերատոր, անկախ նրանից, որ դա քաղաքապետարանն է: Այստեղ միայն մենաշնորհի տեսանկյունից չպետք է դիտարկենք հարցը, այլ ծառայությունների մատուցման որակի բարձրացման տեսանկյունից: Եթե ունենք մեկ օպերատոր, մենք չգիտենք՝ հնարավոր է ավելի լավ ծառայություն մատուցել, ավելի մատչելի, թե՞ ոչ: Իմ գնահատամամբ՝ աղբահանության այս հիմնարկը, որը գործում է և շարունակելու է գործել, թանկ է նստում և շարունակելու է թանկ նստել քաղաքի վրա: Եվ եթե այս ոլորտում մրցակցություն չլինի, մենք կրկին բախվելու ենք նույն խնդրին, ինչիn բախվեց «Սանիթեքը»: Դրա համար այդ երկրորդ օպերատորի բաց ու թափանցիկ մրցույթը, որը, կրկնում եմ, որպես պարտավորություն ստանձնել է քաղաքապետը, պետք է իրականացվի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
05-10-2019 16:54