«Սորոսի գրասենյակի» դեմ ակցիաները ներկայացվում են որպես օրինակ, բայց թեման ավելի գլոբալ բնույթ է կրում

07-10-2019 09:44

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներով նախաձեռնել եք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ, որտեղ օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Բաց հասարակության հիմնադրամներ գրասենյակի վրա պարբերաբար հարձակումների թեման: Որոշ շրջանակներ հայտարարում են, թե իշխանությունների «սորոսոական» թևն է որոշել նախաձեռնել նման բան: Նախաձեռնողները ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են: Մինչև այս նախաձեռնությանն անդրադառնալը ես ուզում եմ նշել, որ այդտեղ չի քննարկվում «Սորոսի գրասենյակի» վրա հարձակումների թեման, այլ քննարկվում է  առհասարակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումների, ոտնձգությունների թեման: «Սորոսի գրասենյակի» դեմ ակցիաները ներկայացվում են որպես օրինակ, բայց թեման ավելի գլոբալ բնույթ է կրում: Ինչ վերաբերում է որոշ քոչարյանամերձ, կամ նախկին իշխանությունների կողմից վերահսկվող հարթակներում տարածվող տեղեկություններին, ես ցավ եմ ապրում, որ տեսնում եմ, որ նմանատիպ մարդկանց գրառումները համընկնում են ԶԼՄ անունը կրող ինչ-որ կազմակերպության գրած նյութերի բովանդակության հետ: Ամենակարևոր շեշտադրումը, թերևս այն էր, որ սա գլոբալ թեմա է, և ես կարծում եմ, որ մենք ավելի շուտ պետք է արձագանքեինք: Իսկ ինչու շուտ չէիք արձագանքում: Անկեղծ կասեմ, թե ինչու ուշացավ այս արձագանքը: Ուշացավ նրա համար, որ անձամբ իմ կարծիքով, նաև իմ գործընկերները վստահաբար կիսում են այդ կարծիքը, սկզբնական շրջանում մենք չարձագանքեցինք, որովհետև մեր գլխավոր նպատակն այն էր, որ ուսումնասիրություն անենք, հասկանանք, թե արդյոք այդտեղ կան իրավական որոշակի խնդիրներ, սակայն դա նաև իրավապահ մարմինների անելիքն է և իրենք էլ են զբաղվում դրանով: Հետո կար մի այլ պատճառ, որ նախքան ուսումասիրություն անցկացնելը չէինք ուզում առիթ տալ այն մարդկանց, որոնց գլխավոր նպատակն, ըստ իս, ինչ-որ լարում հրահրելն էր, սադրանքների գնալն էր, իսկ մարդկանց դիմաց կանգնելուն և որոշակի վիրավորական արտահայտություններ անելուն ես այլ բնորոշում չեմ կարող տալ: Մեր այսօրվա նպատակն է առհասարակ հասարակությանը ներկայացնել, թե  ինչ է կատարվում իրականում, որ խնդիրն այստեղ բառացառես «Սորոսի գրասենյակը» չէ: Երբևէ չեմ հանդիպել «Սորոսի գրասենյակի» ներկայացուցիչներից որևէ մեկին,  կամ եթե հանդիպել եմ, չեմ իմացել դրա մասին: Ես առհասարակ որևէ առնչություն չունեմ այդ կազմակերպության հետ և ինձ շատ դժվար է կպցնել այսինչական, այնինչական պիտակը: Ես շարքային հայաստանցի եմ, որի գլխավոր նպատակն է այնպիսի երկիր կառուցել, որտեղ ես ու իմ երեխաները հանգիստ կապրենք: Իսկ այսօր իրականությանը չհամապատասխանող պիտակներ են կպցնում մարդկանց, վիրավորում են, անձնական բնույթի վիրավորանքներ են հասցնում, սահմանափակում են նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, խանգարում են բնականոն աշխատանքային ռեժիմին: Եթե նորից «Սորոսի գրասենյակի» օրինակով ասենք, այստեղ հյուրեր են ընդունում, ճանապարհում, որոնք մեծ հաշվով կապ չունեն այդ կազմակերպության հետ, բայց արժանանում են վիրավորանքների, ոտնձգությունների: Քանի որ մենք ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն ենք, և նաև մեր քաղաքական ուժի հիմքում ընկած է «Ոչ բռնությանը» կարգախոսը, հանդուրժողականության քարոզ ենք իրականացնում, մենք չենք կարող որոշակի գնահատական և արձագանք չտալ և չենք կարող մարդկանց չպատմել, թե ինչ է կատարվում իրականում: Այո, մենք ուշացած արձագանքեցինք, բայց լավ է ուշ, քան երբեք: Ամեն դեպքում, մենք արժանի գնահատական կտանք այս իրավիճակին: Ես որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ իմ գործընկերների հետ կփորձենք էլ ավելի արագ արձագանքել: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում խնդրին: Շատ դժվար հարց եք տալիս, որովհետև այս պահին այդ լուծումը կախված է նաև մեր քննարկումներից, հնչող կարծիքներից: Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել և հուսալ, որ իրավապահ մարմինները հետևում են այս իրավիճակին ամենայն ուշադրությամբ, և մարդու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն կարժանանա համապատասխան գնահատականի: Իսկ մեր՝ որպես արդեն օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, խնդիրն այն է, որ արձանագրենք առկա խնդիրները և համապատասխան գնահատական տանք: Այս առումով վերջնական պատասխան կարող ենք տալ հանձնաժողովում կայանալիք քննարկումների արդյունքում, քանի որ հանձնաժողովում նաև այլ խմբակցությունների ներկայացուցիչներ կան: Մեզ համար կարևոր է լսել նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների խոսքը: Դա արդեն ընդհանրական կարծիք կարող է դիտարկվել:

Lragir.am,
07-10-2019 09:44