«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հստակեցնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը

07-10-2019 11:28

Մեկնարկել է «Ազգային վերածնունդ»  կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ կայանալիք համագումարի համար, համագումարին առաջարկել կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի անդամների անուններ: Նմանատիպ առաջին ժողովը Հադրութի տարածքային կառույցինն էր, որը կայացել է 2019թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում: Տարածքային կառույցի ժողովին մասնակցում էին պատվիրակներ 7 սկզբնական կառույցից, համակիրներ: Ժողովը, համաձայն կուսակցության 5-րդ համագումարի որոշման,  «Ազգային վերածնունդ»  կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին: Ազգային ժողովի ընտրություններին Հադրութի տարածքային ժողովն «Ազգային վերածնունդ»  կուսակցության համամասնական ցուցակի համար առաջարկել է բանասիրական գիտությունների թեկնածու Ալենուշ Գրիգորյանի թեկնածությունը: Ելույթներով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Ալենուշ Գրիգորյանը: 2019թ. մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարում հայտարարվել էր, որ 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով:

Lragir.am,
07-10-2019 11:28