Պետք է սպասել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործերի հարուցման հեղեղին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն է տարածվել, որը ստորագրել է 36 մարդ: Այդ հայտարարությունում խոսվում է հակասահմանադրական գործողությունների, դատարանների վրա ճնշումների մասին: Ընդհանրապես այս հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ յուրատեսակ լյուստրացիա էր: Այդ հայտարարությունը յուրահատուկ լյուստրացիա էր՝ բոլոր այն շրջանակների ներկայացուցիչների, որոնք այլևս ամրագրված են որպես համակարգային կոռուպցիոն, ավտորիտար կառավարման իշխանության պաշտպանողներ: Նրանց զգալի մասը ժամանակին ունեցել է ուղղակի հովանավորություն հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից և պալատի պատվավոր անդամներ են եղել: Իսկ շատ փոքր մասն էլ նոր են միացել այդ խմբակին: Նրանք նաև իրական օրակարգի շուրջ համախմբման կոչեր են անում, անվտանգության մասին են խոսում՝ նշելով, որ եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու: Ինչո՞ւ են նրանք Քոչարյանի գործը կապում անվտանգության խնդրի հետ: Դա նրանց մտածողության մակարդակի մասին է խոսում, որ թեկուզ լինի երկրի առաջին դեմքի պաշտոնը զբաղեցրած անձը, նրա ապօրինությունների, հանցագործությունների փաստով հարուցված քրեական գործը համարեն անվտանգության խնդիր: Դա նշանակում է, որ նրանք ուղղակիորեն ընդունում են, որ այդ անվտանգության իրենց պատկերացումները հիմնված են անպատժելիության վրա և որևէ աղերս ու ընդհանրություն չունեն իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական պետության սկզբունքների ու արժեքների հետ: Իրենք րևէ ընդհանրություն չունեն այդ ամենի հետ: Դա նաև ինքնախոստովանություն է արդեն իրենց որդեգրած արժեքների մասին, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որը բացարձակապես որևէ հիմք չուներ և իրականության հետ առնչություն չունեցող փաստաթղթի հիման վրա է առաջադրվել նախագահի թեկնածու: Մի անձ է, որ «գույք պարտքի դիմաց» երկրի ամբողջ հարստությունը մսխեց, հանձնեց ՌԴ-ին, մարդ, որը ընտրությունների ժամանակ զանգվածաբար բռնություններ կիրառեց, ունեզրկեց քաղաքացիներին, քաղաքական հետապնդումներ իրականացրեց: Ես նշում եմ այնպիսի գործողություններ, որոնք պետության անվտանգությունն են խաթարել: Շատ հետաքրքիր է, թե ինչ արժե այդ կոչը: Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործը: Գիտեք, ՄԻԵԴ-ը գնահատում է ոչ միայն մարդու նյութական իրավունքները, այլև ընթացակարգային իրավունքները: Եվ եթե նույնիսկ ընթացակարգային ինչ-ինչ իրավունքների մասով ՄԻԵԴ-ը որակի, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, ապա նյութական իրավունքների հիմքով որևէ խախտում չի կարող արձանագրել: Ի վերջո, Ալ Կապոնեի նկատմամբ, որը թիվ մեկ մաֆիոզն էր ԱՄՆ-ում 1930-ականներին, թեկուզ մեկ դրվագով, այն է՝ հարկերը չարամտորեն չվճարելու հիմքով, կարողացան ապացույցներ ձեռք բերել, բայց դա դեռ չի նշանակում, որ նրա նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվեց: Այն ծանր հանցագործությունները, որոնց մեջ նա մեղադրվում էր, տարբեր հանգամանքներից ելնելով, ապացույցների բացակայությունից, հնարավոր վկաների ճնշվածությունից, մնացին չբացահայտված, սակայն հանրության վերաբերմունքը դրանից չփոխվեց: Այսինքն այստեղ միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի պատասխանատվություն ունի այդ ժամանակ երկրում իրականացված, պետական մակարդակով կայացված որոշումների, գործողությունների համար, որոնց հետևանքով մարդիկ տուժել են, ազատազրկվել են իրենց կարծիքի համար: Դա այն մարդն է, որն իրեն հռչակում էր միակ տղամարդ: Նա բացարձակ իշխանության կրողի դիրքերից էր հանդես գալիս: Այնպես որ, պետք է սպասենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տարբեր հիմքերով քրեական գործերի հարուցման հեղեղին, որին դիմագրավել նման թշվառ հայտարարություններով որևէ կերպ չեն կարող կամ կասեցնել չեն կարող: Այնպես որ, Եվրոպական դատարանի քննությունը ես միայն ողջունում եմ, այո, թող հստակություն մտցվի, և մենք կունենանք որակյալ իրավական գնահատական: Այն, որ մեր իրավապահ մարմինները, դատական համակարգը լուրջ, արմատական փոփոխությունների կարիք ունեն, դա միանշանակ է: Իմ նշած լուրջ խնդիրների մեջ ևս անմիջական պատասխանատվություն ունի հենց Ռոբերտ Քոչարյանը: Այնպես որ, ես որևէ մտահոգություն չունեմ այս առումով: Ինչո՞ւ եք վստահ, որ Քոչարյանի հետ կապված քրեական գործերի հեղեղ կլինի: Որովհետև մարդիկ աստիճանաբար կսկսեն վկայություններ տալ, ինչպես օրինակ Պողոս Պողոսյանի դեպքի վերաբերյալ, երբ գործը վերաբացվեց, նոր քննություն է իրականացվում: Այնպես որ, վկայություններ տվողների թիվն ավելի է մեծանալու, և իրենք չեն կարողանալու այդ ամենի դեմն առնել, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն իր անսահման կարողությամբ: Ճշմարտությունը չես կարող թաքցնել, ճշմարտությանը չես կարող հաղթել: Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչների հետ կապված բոլոր գործերը բացվելու են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-10-2019 11:40