Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահի ընտրություններին

08-10-2019 14:29

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես որոշել եմ. 2019 թվականի օգոստոսի 13-ին Facebook սոցիալական ցանցում իմ այն գրառումը, ըստ որի՝ հնարավոր եմ համարել իմ ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում: Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար: Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը: Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը: Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»:

Lragir.am,
08-10-2019 14:29