Շրջադարձային որոշում Արցախում

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել այն մասին, որ կայացրել է 2020 թվականի նախագահի ընտրությանը որպես թեկնածու առաջադրվելու որոշում: «Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար: Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը», հայտարարել է Մասիս Մայիլյանը: Նա նշում է, որ եկել է համազգային օրակարգ ձեւավորելու, Արցախում խորքային բարեփոխումներ իրականացնելու շուրջ լայն քննարկումների ժամանակը, նոր Արցախ կերտելու ժամանակը: Մասիս Մայիլյանի որոշումն ու հայտարարությունը փաստացի նոր հասարակական-քաղաքական իրավիճակ են ստեղծում Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ, որտեղ մինչ այդ գործնականում ինտրիգ էր հյուսվում առավելապես նախկին իշխող տնտեսա-քաղաքական համակարգի դերակատարների միջեւ: Մասիս Մայիլյանի առաջադրումը էապես փոխում է իրավիճակի բովանդակությունը եւ սահմանում Արցախում համապետական ընտրության գործընթացի քաղաքական նոր նշաձողեր, այն գործնականում դուրս բերելով գոյություն ունեցած տնտեսա-քաղաքական համակարգի շրջանակում պայքարի տրամաբանությունից: Միեւնույն ժամանակ, սահմանվող նոր նշաձողը ներառում է ոչ միայն ներքին քաղաքական, ռեֆորմացիոն «դիսկուրս», այլ նաեւ Արցախի համար առանցքային արտաքին քաղաքական հարթությունը, հաշվի առնելով այն, որ արցախյան կարգավորման գործընթացի եւ ընդհանրապես արտաքին քաղաքական զարգացումների տրամաբանության համատեքստում հրամայական է դառնում Արցախի միջազգային սուբյեկտությունը զուտ հռետորաբանության մակարդակից գործնական քաղաքականություն տեղափոխելու անհրաժեշտությունը: Այդպիսով, նոր իրավիճակում Մասիս Մայիլյանի առաջադրումն ինքնին էապես փոխում է արցախյան քաղաքականության դիսկուրսը եւ այն գործնականում արդեն իսկ բերում միջազգային սուբյեկտությանը բնորոշ մակարդակի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
08-10-2019 14:48