Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

08-10-2019 15:59

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 8-ին  ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերին և Ջուդի Չուին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով կոնգրեսականներին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հանրապետության իշխանությունները կարևորում են տարբեր մակարդակներում Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել կոնգրեսականների, հատկապես՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը՝ ի սատարումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև` ի աջակցություն ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրմանը: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Ջեքի Սփիերի և Ջուդի Չուի ակտիվ գործունեությունը՝ ուղղված Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ռոյս-Էնգել» նախաձեռնության աջակցմանը, որը նախատեսում է շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրում և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում: Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի իշխանությունների և ԱՄՆ կոնգրեսականների միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սոս Ավետիսյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը:

Lragir.am,
08-10-2019 15:59