Ի՞նչ կանեին իրենք, եթե իրենց եղբորը սպանեին այդ սրճարանի զուգարանում

Մեր զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը Պարոն Զորիկյան, ԱԺ-ում ունեզրկման թեմայով լսումներ են կազմակերպվել, Ձեր ընտանիքին նույնպես առնչվել է այս խնդիրը: Մինչ այդ լսումներում հայտարարություններ են հնչում Ռոբերտ Քոչարյանի օրոք այս անօրինականությունների վերաբերյալ, մեկ այլ հայտարարություն է տարածվել հանրային գործիչների կողմից, որոնք կոչ են անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, սթափության կոչ են անում իշխանություններին, որ Քոչարյանին ազատ չարձակելը սպառնալիք է ստեղծում երկու հայկական պետությունների համար: Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի աջակիցների այս հայտարարությունը: Ես, նայելով այդ մարդկանց աչքերին, ուղիղ հարց կտայի՝ եթե մարտի 1-ի դեպքերի հետևանքով ձեր որդին զոհված լիներ, դուք ի՞նչ կանեիք, եթե ձեր պապերից ժառանգություն ստացած, այսօր սեփականատեր հանդիսացող լինեիք դուք քաղաքի սրտում, խոսքս Հյուսիսային պողոտայի մասին է, և հայտնվեր Ռոբերտ Քոչարյանը ու ցախավելի մի շարժումով, օգտագործելով ոստիկանության ողջ ուժը, դատական համակարգին համապատասխան հրահանգներ տալով, արգելափակելով դեպի եվրոպական կառույցներ գնացող դիմումները, օգտագործելով պետական ողջ ռեսուրսը, հետապնդում էր մի խնդիր՝ քեզ ունեզրկել, երբ դու հանդիսանում ես և հողի, և շինության սեփականատեր: Ի՞նչ կանեին իրենք, եթե իրենց հանդեպ դա արվեր: Ի՞նչ կանեին իրենք, եթե հայտնի «Պապլավոկ» սրճարանում իրենք դիմեին պարոն Քոչարյանին՝ ասելով՝ «պրիվետ Ռոբ»: Ես չեմ հասկանում, մինչ այդ ոչ ոք իրեն Ռոբ չէ՞ր ասել: Մենք հայերս սովորություն ունենք անունները կրճատելու, ինձ մինչ օրս Զորիկ են ասում: Հիմա ի՞նչ, հնարավորություն ունենալու դեպքում պետք է հաշվեհարդա՞ր տեսնես: Ի՞նչ կանեին իրենք, եթե իրենց եղբորը սպանեին այդ սրճարանի զուգարանում, ու հետո Քոչարյանն ասեր՝ եթե նա ողջ լիներ, ես դեռ նրան ասելու բան ունեի: Էլ ո՞ր մեկն ասեմ, կարող եմ օրերով թվարկել: Կա տեսակետ, որ այդ հայտարարության տակ ստորագրողների ցանկը լակմուսի թուղթ է, յուրատեսակ լյուստրացիա է տեղի ունենում: Ես էլ էի սկզբում կարծում, որ նոր իշխանությունը պետք է լյուստրացիա իրականացնի, պետք է քաղաքական գնահատական տրվի նախկին իշխանության ողջ շրջանին, նաև կոնկրետ գործողությունների: Բայց լյուստրացիա անում են այն ժամանակ, երբ նրանք թաքնված են, որովհետև երբ դու գիտես, որ դիմացինդ մարդասպան է, նրան ուղղակի բռնել, նստեցնել է պետք: Լյուստրացիան այն է, որ դու գիտեիր, թե մարդը գիտնական է, պարզվում է, նա թշնամի երկրի հետախուզական ծառայության ներկայացուցիչ է: Բայց այն բոլոր մարդիկ, որ այսօր վայրահաչում են, այդ երևույթն ինքնին լյուստրացիա է: Իրենք այն ժամանակ էլ են արել նույնը: Ես չգիտեմ՝ սա ինչ երևույթ է, երևի ամառանոցը կիսատ է մնացել, ուզում են էլի պետությունից գրպանեն, որպեսզի կառույցն ավարտին հասցնեն, ծախեն, ճամպրուկները հավաքեն ու ռադ լինեն մեր հայրենիքից: Նոր իշխանությունը քաղաքական գնահատական դեռ չի տվել, հանրությունը պահանջում է, որ այդ գնահատականը տրվի: Երբ գալիս էի ԱԺ, նույնիսկ նստել տեքստ էի գրել, որովհետև առաջին անգամ կհուզվեի, որոշել էի կարդալ օրենքի կետերով, թե ինչ է խախտվել: Պատգամավորները, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները, օմբուդսմենը, ՀԿ-ների ներկայացուցիչներն այնպես ներկայացրեցին Հյուսիսային պողոտայի վերաբերյալ տեղի ունեցածը, որ ես դուրս եկա ամբիոնի մոտ ու ասացի, որ ես գրանցվել էի ելույթի համար, բայց ըստ էության, ինձնից ավելի լավ, ավելի կիրթ, օրենքի տառին հավատարիմ մնալով  ներկայացվեց ամեն ինչ: Դա ի՞նչ է, եթե գնահատական չի, երբ ԱԺ-ում լսումներ են տեղի ունենում այդ տարիներին կատարված ապօրինությունների մասին, և ոչ թե մենք ենք փողոցներում 17 տարի գոռում, ճվում, որ մեզ ունեզրկել են, այլ ԱԺ ամբիոնից մեր ընտրած պատգամավորներն են այդ հարցը բարձրացնում, օմբուդսմենն է այդ հարցը բարձրացնում: Ի՞նչ արդյունք եք ակնկալում այսքան տարիներից հետո: Հարցը վերաբերում է սեփականության իրավունքին, իսկ սեփականության իրավունքը այն բնակարանը չի, որ որպես կոնկրետ քառակուսի մետր ինչ-որ շենքում ունես: Մեկ-մեկ ինձ թվում է՝ մենք չենք հասկացել, թե ինչ է սեփականության իրավունքը, առավել ևս հողի սեփականատեր լինելը: Դա իր մեջ ներառում է այդ հողի վրա անել այն շինարարությունը, հանուն որի մեզ զրկեցին ու վտարեցին մեր սեփականությունից: Մենք այդ իրավունքը ունեինք՝ առանց ոչ մի աճուրդների մասնակցելու, առանց կաշառքներ բաժանելու: Ես ինքս այդ ժամանակ առաջարկել էի՝ շինությունը խանգարում է՝ քանդեք, ձեզ հող տվող չկա: Կվարձակալեք ինձնից, կվճարեք ինձ համապատասխան գումար, ես իմ պարտականությունները պետության առջեւ կկատարեմ հարկեր վճարելով: Ինձ ասացին՝ մտքիցդ հանի, հողը վաղուց վաճառված է: Ու դա ասացին լկտիաբար, աչքերիդ մեջ նայելով: Ու հետո ամեն քայլափոխի դու հասկանում ես, որ ոչ դատարան կա, ոստիկանությունը երբեք քո թիկունքին չի կանգնելու, եթե հայտնվել է այնտեղ, ապա միայն նրա համար, որ ոտուձեռ անի, դուրս գցի: Նույնիսկ այն ժամանակ, երբ գալիս էր շտապօգնության մեքենան, ասում էր՝ չի կարելի նրան տեղաշարժել, նա նախաինֆարկտային վիճակում է, միևնույն է, հրահանգը կար, ոտուձեռ էին անում, շպրտում դուրս: Այս թեմաներով ֆիլմեր են նկարվել, հազարավոր հոդվածներ են գրվել: Հիմա ձեր կորցրած սեփականության վերականգնման ուղղությամբ նոր իշխանությունների օրոք ի՞նչ ակնկալիքներ կան: Երբ ուզում է լինի, սեփականության իրավունքը ենթադրում է նաև ժառանգականություն: Եթե ինձ չզրկեին կենտրոնում սեփականություն ունենալու իրավունքից, հետագայում այդ նույն իրավունքը կունենային իմ որդին, թոռները, ծոռները: Ի՞նչ կատարվեց իրականում: Մեր երեխաների բերանից պոկեցին, դրեցին իրենց երեխայի բերանը: Մենք էլ ենք ՀՀ քաղաքացիներ, իրենք էլ: Չեն էլ ամաչում, սկսում են համեմատել ու իրենց սեփական տունն անվանում են առանձնատուն, իսկ քոնը անվանում են սառայ, կռիսանոց: Ու դա ասում են մարդիկ, որոնք իշխանության կերակրատաշտից օգտվել են, բոլորս իրար ճանաչում ենք: Թող լինի 5 տարի, 10 տարի, 20 տարի հետո, թող իմ ծոռի ծոռը նույնիսկ տեղեկություն չունենա, որ ժամանակին իր պապի պապու հանդեպ նման բան է կատարվել, բայց մի օր նամակ գա պետությունից, որտեղ գրված կլինի, որ ձեր պապի պապու իրավունքները վատ մարդիկ ոտնահարել են, մենք վերականգնում ենք, ձեզ հասնում է այսքան փոխհատուցում՝ հաշվի առնելով նաև տարիների ուշացումը: Այսինքն՝ պետք է կատարվի այն, ինչը լինում է ազատ աշխարհում: Ինչքա՞ն պիտի մենք Հայաստանից խոսենք մնացած աշխարհի մասին որպես ազատ աշխարհի, որպես օրենքի աշխարհի: Ի վերջո, դրա համար են Հայաստանը լքում գնում: Գնում են այնտեղ, որտեղ էլի ինչ-որ բաներից դժգոհում են, մասնավորապես, ավանդույթներից, բայց գնում են ապրելու, որ պաշտպանված լինեն: Մենք գիտե՞ս ինչու դուրս եկանք մեր սեփական տարածքից. մեզ ուղարկած պայմանագիրը չէինք ստորագրում, Ծրագրերի իրագործման գրասենյակը դիմեց դատարան, դատարանը վճիռ կայացրեց՝ պարտադրել ստորագրել պայմանագիր և վտարել, զրկել սեփականությունից: Եվս որոշակի ժամանակ անցավ, կողքի տները բոլորը արդեն քանդել էին, բաց տարածք էր, բուլդոզեր էր աշխատում, հարթեցնում էր: Մենակ մեր տունն էր մնացել: Երեկոյան մեծ աղմուկով պատը ճաքեց մատի լայնությամբ մինչև առաստաղ: Տանը երկու մեծ էր, երկու երեխաներ, ես ու կինս: Վախեցած դուրս եկանք: Պարզվեց բուլդոզերը հարվածել էր պատին, միջից վարորդը իջավ, փախավ: Չգիտեինք ինչ անել, տղաս անչափահաս էր, կարող էին գլխին ինչ ասես սարքեն, աղջիկս անչափահաս էր, արդեն լույսերն էլ կտրել էին, գնալ-գալը վտանգավոր էր: Տունն էլ այնքան հին էր, որ եթե մի թեթև լուցկիով այրեին տանիքը, բռնկվելու էր: Հիմա ո՞վ է անվտանգությունից խոսում: Այն մարդը, ում հրահանգով մեզ վտարեցին: Ի վերջո, դա հրահանգո՞վ է եղել, թե՞ բուլդոզերը պատահական դիպավ մեր պատին: Կողքը հսկայական տարածքներ էին, բոլորը քանդել էին, մենք դուրս չէինք գալիս: Շատ պետք է ուզենաս հարվածել այդ ստադիոնի տարածքում գտնվող սեփական տանը, որպեսզի կարողանաս հարվածել: Ու այնպես հարվածես, որ մարդիկ կյանքի վտանգ զգան: Երեկոյան եկան ինձ ասացին՝ գիտես ինչ, արի գնանք վաղը ստորագրի, թքած սեփականության վրա, կյանքն ավելի թանկ է: Այսինքն՝ մեր կյանքի հաշվին: Մարդիկ կան, բողոքում են, ասում են՝ մեզ հեռախոսով սպառնացել են, իսկ ես ռեալ կատարված բան եմ ասում: Նաև քիչ առաջ պատմեցի հարևանիս դեպքը, երբ մահամերձ, նախաինֆարկտային վիճակում դուրս հանեցին: Բժիշկը գալիս, ասում է՝ այսօր ձեռք մի տվեք, մեղքը ձեր վզին կմնա, գնացեք, գոնե վաղը եկեք, գուցե վաղը մի փոքր լավ զգա իրեն: Ասացին՝ ոչ, հրահանգը էսօր է, պիտի ազատեն տարածքը: Ոտուձեռ արեցին, գցեցին դուրս, այդ կինը մահացավ: Ու հիմա այդ մարդիկ, թեկուզ իրենց աջակիցների շուրթերով հնչեցնում են անվտանգության խնդիր: Ի՞նչ անվտանգության խնդիր, երբևէ ձեր կյանքին վտանգ սպառնացե՞լ է: Երբ հիմա իրենց կատարած հանցագործությունների 0,1 տոկոսը պետք է բացահայտվի, պարզվեց՝ այդ մարդիկ հիվանդ են, մեզ կառավարել են հիվանդ մարդիկ, ո՞ր մեկն ասեմ: Էդքան վախենո՞ւմ եք բանտից: Այսօրվա մեր իշխանության մեծ մասը բանտերում են անցկացրել ու հենց ձեր ձեռքով են հայտնվել բանտերում: Ժողովուրդն այսօր անիծում է ձեզ: Մարդիկ հույս են փայփայել, որ էդ վիճակը չի կարող երկար շարունակվել, կգա արդարության ժամը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-10-2019 22:19