Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. հեղափոխությունը եղել է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որով աջակցություն է հայտնել իրեն աջակցող այն գործիչներին, որոնք էլ հայտարարություն էին տարածել նախօրեին, ասելով, թե երկրորդ նախագահի անազատությունը սպառնալիք է հայկական երկու պետականությունների համար: Ռոբերտ Քոչարյանն իրեն աջակցողներին ասել է, որ հարցն այլեւս մեկ մարդու՝ իր ազատությունը չէ, այլ Հայաստանում ժողովրդավարության ապագան, որի համար նա պայքարելու է: Ռոբերտ Քոչարյանը կալանատնից հայտարարում է, որ պայքարելու է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար: Կամա թե ակամա Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է Հայաստանում հեղափոխության մասին: Որովհետեւ այլ պարագայում գործնականում անհնար էր պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը բանտից պայքարում է Հայաստանի ժողովրդավարության համար, անկախ այն բանից, թե ով ինչպես կվերաբերի այդ հայտարարության անկեղծությանը կամ արժեգաղափարական հենքին: Երկրորդ նախագահի հայտարարությունը սակայն ուշագրավ է այլ տողատակով: «Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից», ասում է Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ սկզբունքների կամ նպատակների մասին է խոսքը, որից ըստ Ռոբերտ Քոչարյանի իրեն ստիպում են հրաժարվել: Առերեւույթ, խնդիրը կամ իրավիճակը կարծես թե այլ է՝ նրան մեղադրում են մարտիմեկյան իրադարձությունների համար: Եթե նա հայտարարում է, որ «ստիպում են հրաժարվել սկզբունքներից եւ նպատակներից», ապա դրանով ակնարկում է, որ իրեն առաջարկվում է ինչ որ «գործա՞րք»՝ հրաժարվիր, եւ կհայտնվես ազատության մեջ: Ու ինքն էլ հայտարարում է, որ չի հրաժարվի եւ բանտով ստիպել չեն կարող: Բայց այդ ի՞նչ սկզբունքներ են, եւ ու՞մ են դրանք անհրաժեշտ: Ինչի՞ մասին է խոսում մարդը, որը նախագահի պաշտոնը թողնելուց հետո հրաժարվել է աշխույժ քաղաքականությունից եւ զբաղվել թանկարժեք որսորդությամբ, տնտեսությունը, պետությունը, հայ-ռուսական հարաբերությունը, Արցախը վտանգի ենթարկելու եւ կամ կործանելու համար ուղիղ թե անուղղակի մեղադրելով Սերժ Սարգսյանին: Ներկայում արդեն ազատազրկված կարգավիճակով երկրորդ նախագահը նույն բանի համար «հայելային» մեղադրանք է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին: Միաժամանակ, փաստորեն ակնարկում է, որ Փաշինյանը ստիպում է հրաժարվել ինչ որ սկզբունքներից եւ քաղաքական նպատակներից: Բաներ, որոնք հայտնի էլ չեն՝ կա՞ն, թե ոչ: Թե՞ խոսքը ամենեւին քաղաքական սկզբունքների կամ նպատակների մասին չէ, այլ, ասենք ֆինանսատնտեսական, եւ երկրորդ նախագահը հայտարարում է, որ չի հրաժարվի ոչ մի լումայից: Ընդ որում հետաքրքիր է, որ հայտարարությունը հաջորդում է ՌԴ նախագահի հայաստանյան այցին, որի հետ Ռոբերտ Քոչարյանը մեծ հույսեր էր կապում, բայց ապրեց որոշակի հիասթափություն: Չի բացառվում, որ ընդհուպ Պուտինի մակարդակում Ռոբերտ Քոչարյանը ստացել է նույն ազդակը, թե որն է հնարավոր ազատության գինը: Նիկոլ Փաշինյանն ըստ երեւույթին կարողացել է Պուտինի հետ տեւական շփումներում հիմնավորել այդ «գինը», այդ թվում նաեւ Ռուսաստանի խնդիրների համատեքստում: Մի բան, որը գործնականում չէր ստացվում եւ չէր էլ կարող ստացվել Սերժ Սարգսյանի մոտ, մի շարք համակարգային պատճառներով, եւ առաջին հերթին այն, որ Սարգսյանը չէր կարող ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին: Խոշոր հաշվով, մեղադրանքից ի վեր Ռոբերտ Քոչարյանը անընդհատ ակնարկում է հենց այդ մասին՝ ինչու՞ է ձերբակալված միայն ինքը: Բայց պատասխանը հենց ինքն էլ տալիս է, հայտարարելով, թե պատրաստ է լինել բանտախցում, բայց չի հրաժարվի «սկզբունքներից»: Մինչդեռ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը սխալ էր, իսկ Փաշինյանը՝ տվյալ դեպքում հանրությունը, ճիշտ: «Փողոցի շարժումն իմ դեմ է», արձանագրել էր Սերժ Սարգսյանն ու հրաժարվել: Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խնդիրն այն է, որ նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, կարծում է, թե իր խնդիրը Փաշինյանն է, ոչ թե ժամանակն ու հանրությունը: Մինչդեռ Պուտինն էլ Փաշինյանի հետ չէ, որ հաշվի է նստում, այլ ժամանակի եւ հանրության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
08-10-2019 22:46