Թրամփի եւ Քիմ Քարդաշյանի սինքրոնը. ցույց են տվել Թուրքիայի չափը

Իմ խնդիրը հայերի ցեղասպանության ճանաչմանը հասնելն է, եւ ես չեմ հանձնվելու, Երեւանում հայտարարել է ՏՏ համաշխարհային կոնգրեսի առիթով Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանը: Նա Մայր Աթոռում մկրտել է իր երեխաներին, հայտարարելով, որ դա չափազանց կարեւոր էր իր համար: Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչման հարցում ինտենսիվ աշխատում է Սպիտակ տան հետ: Սոցիալական ցանցերում եւ մեդիայում գրեթե 250 միլիոն հետեւորդ ունեցող հռչակավոր հայուհին ներկայում հայտնի է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործակցությամբ: Այդ գործակցությունն իհարկե հայերի ցեղասպանության հարցում չէ, այլ Նահանգներում ազատազրկված անձանց հետագա սոցիալիզացման խնդրի: Քիմը Երեւանում հայտարարել է, որ թեեւ ցեղասպանության թեմայով չի խոսել նախագահի հետ, սակայն ինտենսիվ քննարկում է այդ հարցը նրա խորհրդականների, աշխատակազմի հետ: Այլ կերպ ասած, եթե 2015 թվականին ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով առաջին անգամ պատմական հայրենիք ժամանած Քիմ Քարդաշյանը «համաշխարհային իրազեկման եւ ուշադրության» հնարավորություն էր, ապա 2019-ին Հայաստան ժամանած եւ այստեղ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություններ անող Քիմ Քարդաշյանը Սպիտակ տան հետ իր գործակցությամբ արդեն բոլորովին այլ գործոն է: Եվ այդ հանգամանքն էլ իր հերթին Երեւանից առանձնահատուկ է հնչում Վաշինգտոնից Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին: Ոչ, դրանք Քիմ Քարդաշյանի այցի կամ հայերի ցեղասպանության մասին չեն: Թրամփը թվիթերյան գրառում էր արել այն մասին, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան անցնի չափը: Թե որն է չափն ըստ ԱՄՆ նախագահի, թերեւս հարաբերական հասկացություն է, հաշվի առնելով ԱՄՆ նախագահի էպոտաժային եւ որոշակի անկանխատեսելի բնույթը: Մյուս կողմից, սակայն, համաշխարհային քաղաքականության մեջ չափն իհարկե ստատիկ միավոր չէ, այն ձեւավորվում է քաղաքական իրողությունների հետ եւ խոշոր հաշվով հենց շահեկան չափի սահմանումներն են նաեւ համաշխարհային քաղաքականության տարբեր դերակատարների նպատակներից մեկը: Անշուշտ միամտություն կլինի համարել, որ Քիմն ու Թուրքիան Դոնալդ Թրամփի համար համարժեք չափեր են, կամ չափի համադրելի միավորներ, այդուհանդերձ Թրամփի վաշինգտոնյան եւ Քարդաշյանի երեւանյան ուղերձները ունեն ուշագրավ սինքրոնություն, Անկարային չափը ցույց տալու առումով: Դա տեղի է ունենում ռեգիոնալ իրադրության նոր շրջափուլի շեմին, որտեղ Թուրքիան կարծես թե մնացել է Սիրիայում ռազմագործողության բարդ դիլեմայի արանքում, երբ այդ քայլի կապակցությամբ Անկարային կարող են զգուշացնել օրինակ Վաշինգտոնն ու Թեհրանը միաժամանակ: Եվ դրա հետ մեկտեղ, Թուրքիային կարծես թե նախազգուշացնում են մի քայլից, որի այլընտրանք սակայն չեն էլ թողնում, ընդ որում թե Վաշինգտոնից, թե նաեւ Երեւանից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-10-2019 09:12