Ամենասարսափելին այն էր, որ մի ողջ պետական համակարգ լծված էր որոշակի խմբակի բիզնես շահերի լեգիտիմացման հանցավոր գործին

Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Տիկին Աբրահամյան, նախօրեին խորհրդարանում ունեզրկման հարցով լսումներ տեղի ունեցան: Արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ եթե այս կծիկն սկսի բացահայտվել, շատ ու շատ պաշտոնյաների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի՝ հաշվի առնելով այն պրոցեսը, թե ինչպես են մարդկանց սեփական տներից վտարել: Ի՞նչ ակնկալիքներ կան այս լսումներից, ինչպե՞ս այն պետք է նյութականանա: Իրականում նախ՝ մենք սա դիտարկում ենք որպես անցումային արդարադատության մի կարևոր հատված, որը նաև մեր նախընտրական ծրագրում էր հստակ նշված: Այս փաստահավաք խորհրդարանական լսումները դրա սկիզբն էին միայն: Դրան հաջորդելու են աշխատանքային խմբերում շատ ավելի մանրամասն փաստահավաք աշխատանքները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում նույնպես հայտարարեց, որ, ըստ էության, այն, ինչ հնչում էր լսումների ընթացքում, գրեթե բոլոր ելույթները հայտարարություն էին հանցագործության մասին: Ամբողջ ձայնագրությունն ուղարկվելու է դատախազություն, որպեսզի իրենք ևս դիտարկեն որպես հայտարարություններ և սկսեն ամեն մեկի մասով որոշակի գործընթաց: Աշխատանքները հիմնականում լինելու են իրավական: Հատկապես 2000 թվականի նոյեմբերի 25-ի հայտնի 774 որոշումից մինչև գերակա շահի մասին օրենքի ընդունումը, այդ ընթացքում բոլոր գործընթացները հակասել են Սահմանադրությանը և այդ բոլոր գործերով ՄԻԵԴ-ում Հայաստանն արդեն 2 մլն եվրոյի պարտավորություն ունի: Մինչդեռ սա ամբողջությամբ եղել է մի մեծ կոռուպցիոն գործարք, որի ներքո ներգրավված են եղել ոչ թե առանձին պաշտոնյաներ, այլ ամենասարսափելին հենց դա է, որ ներգրավված են եղել ինստիտուտները՝ գործադիր ու դատական, հետագայում նաև օրենսդիր: Սա, ինչպես իր ելույթում ասաց Սոնա Այվազյանը, պետության զավթման մի դրսևորում է: Արդյոք խորհրդարանը պետք է այս հարցը բարձրացներ, թե՞ իրավապահներն արդեն պետք է քայլեր ձեռնարկած լինեին, որ բանը չհասներ ԱԺ-ի լսումներին: Իհարկե, ցանկալի կլիներ, եթե սա միանգամից գնար իրավական գործընթացով, բայց այստեղ մենք ևս որոշակի խնդիր ունենք` դատարան դիմելու վաղեմության ժամկետներն են անցել, և տուժածներն ուղղակիորեն վերաբացել իրենց գործերը չեն կարող: Բայց հեղափոխությունն ինքնին կարող է դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք՝ գոնե նորից վերաբացելու կոռուպցիոն գործարքների այս ողջ փաթեթը: Նոր երևան եկած հանգամանք կարող են լինել ԱԺ ամբիոնից հնչած հայտարարությունները: Խորհրդարանական լսումների ընդհանուր ուղերձը հենց այդ էր, որ մարդիկ երկար պահված ինֆորմացիան գան ու տրամադրեն դատախազությանը: Ես ավելի քան վստահ եմ, որ շատ բան այդ լսումների ժամանակ չի ասվել, որ շատ տեղեկություններ ուղղակիորեն մարդիկ դեռ չեն բացահայտում, որովհետև տասնյակ տարիներ ապրել են վախի մթնոլորտում: Կարծում եմ՝ ԱԺ-ի դերակատարումն այստեղ շատ մեծ էր, որպեսզի նաև թիվ մեկ քաղաքական ամբիոնից այդ ուղերձը տրվեր հանրությանը, որ եկել է ժամանակը, որ պաշտպանեք ձեր իրավունքները, և այս պահին պետությունը կանգնած է ձեր մեջքին: Հնարավո՞ր է, որ այս կոռուպցիոն շղթան բացահայտելու արդյունքում պայթյուն առաջացնի: Չեմ բացառում ոչինչ, բայց պայթյուն առաջացել էր դեռևս 2012 թվականին Անդրեսոնի հայտարարությունից, հարցազրույցից, որն այն ժամանակ, ըստ էության, որևէ իրավական հետևանք չունեցավ, որևէ գործընթացի չհանգեցրեց: Մինչդեռ դա ցանկացած պետության համար խարան էր և պետք է ունենար շատ հստակ իրավական հետևանքներ: Այսինքն՝ մենք ունեցել ենք այդ պայթյունը, բայց այն չի ունեցել հետևանք: Մենք դա վերաբացելու անհրաժեշտություն ունենք, գործը գոնե այդ մասով արդեն վերաբացված է, դատախազությունը նորից քննում է: Ինձ համար այս ունեզրկման զանգվածային գործողությունների մեջ ամենասարսափելին պետական բոլոր ինստիտուտների ներգրավվածությունն է, փաստացի մի ողջ պետական համակարգ լծված էր որոշակի խմբակի բիզնես շահերի ու անօրինական գործողությունների լեգիտիմացման հանցավոր գործին: Մինչ ԱԺ-ում այդ լսումներն էին տեղի ունենում, հայտարարություն տարածվեց 36 հոգու ստորագրությամբ, հաջորդ պահին ցանկը մի փոքր ընդլայնվեց, որտեղ իրենց աջակցությունն էին հայտնում Ռոբերտ Քոչարյանին: Նրանք իշխանություններին սթափության կոչ էին անում, մեղադրում դատարաններին ճնշելու, հակասահմանադրական գործողություններ կատարելու մեջ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը և ստորագրողների ցանկը: Այդ հայտարարությունը ինքնալյուստրացիա էր` իր ստորագրություններով: Չնայած կարծես արդեն սկսում են հերքել, թե այդ տեքստը չեն տեսել կամ չեն դիպչել այդ տեքստին ու ստորագրությունը կեղծված է: Այն, որ կարող էին նաեւ կեղծել այս խմբի դեպքում, լիովին սպասելի է: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ սա շատ կարևոր էր և որոշ մարդկանց շատ հստակ դիրքավորում էր: Հանրության առաջ ազնվությունը, մոտիվացիաների ու նպատակների հստակությունը կարեւոր է, եւ ըստ այդ մոտիվացիաների այդ ցուցակը կարող էր մի փոքր ավելի մեծ լինել, երևի ոմանք դեռ բացահայտվելու քաջություն կամ նպատակահարմարություն չեն տեսնում: Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ պաշտպանում են մի անձի, որին ժամանակին Հաագայի դատարանում դատել էին տենչում: Շատ լավ հիշում ենք Դավիթ Շահնազարյանի ակտիվությունը, իր նախաձեռնությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկության դեմ հանցագործություն է կատարել և Հաագայի դատարանում պետք է դատվի: Նաև հիշում ենք ստորագրություններ հավաքելը, որ Դավիթ Շահնազարյանն իրականացնում էր, չնայած իրեն այդ ժամանակ ասում էին, որ դա հնարավոր չէ, դա խիստ ներպետական խնդիր է: Այսինքն այսպիսի փոխակերպումը այդ տեսակի համար գուցե օրինաչափ է, փոխվել են ուղղորդման ու ֆինանսավորման աղբյուրները, փոխվել են նաեւ մոտիվացիաները: Բայց սա կարևոր էր, որ հանրությունը հստակ տեսավ, թե ովքեր ում են պաշտպանում, ինչու են պաշտպանում և սա ինչի կարող է հանգեցնել: Եթե այս ցանկը մեծ լիներ, իշխանությունը մտահոգվելու առիթ կունենա՞ր: Չեմ կարծում, թե իշխանությունը որևէ մտահոգվելու առիթ կունենար: Եթե զուտ տոկոսային հարաբերակցությամբ ենք խոսում, այսօր իշխանությունը Երևանի ընտրություններում ստացել է 80 տոկոսից ավելի, ԱԺ ընտրություններում ստացել է 70  տոկոսից ավելի: Այդ հայտարարության տակ ստորագրել է 35-36 մարդ, թող լինեն հարյուր: Դա 0,0001 տոկոս էլ չի կազմում: Ի դեպ, այդ հայտարարությունում համախմբման կոչեր կային: Ես կարծում եմ, որ ՀՀ ցանկացած քաղաքացի օրակարգ ստեղծելու իրավունք ունի: Գնահատելու հարց է, թե որն է ավելի իրական, որն է կեղծ: Այնուամենայնիվ, իրենք հետհեղափոխական շրջանում անընդհատ կեղծ օրակարգեր ստեղծելու գործունեությամբ են զբաղված:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
09-10-2019 10:55