Երկու լուր Արցախից, որ բացեցին ամբողջ պատկերը. հրահրվել, թե ՈՉ

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրությունն Արցախից «ստացավ» երկու տեղեկություն: 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու եւ թեկնածու առաջադրվելու որոշման մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ասելով, որ ժամանակն է քննարկում սկսել համազգային օակարգի շուրջ, կերտել նոր Արցախ: Կարճ ժամանակ անց լրահոսում հայտնվեց 2020 թվականի նախագահի ընտրությանը թեկնածու առաջադրվելու մասին դեռեւս ամիսներ առաջ հայտարարած, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը, որտեղ նա դարձյալ կոշտ քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանությանը, սպառնում Նիկոլ Փաշինյանին, որն իր խոսքով գործակցում է «ահաբեկիչ Սասնա ծռերի» հետ: Բալասանյանը հայտարարել է, որ 2016-ին ներեցին նրանց, սակայն այս անգամ չի լինելու ներում: Հանրային ուշադրությունը նվաճեց Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, եւ թերեւս ավելորդ է ասել, թե ինչպիսի ուշադրության մասին է խոսքը: Բալասանյանն արժանացավ կոշտ քննադատության, հնչեցին նրա չափն անցնելու, նրան լռեցնելու հորդորներ: Առկա պատկերը խիստ հատկանշական է եւ խոսում է Հայաստանի, նաեւ Արցախի համար խորքային խնդրի մասին: Հայաստանի հանրությանն աշխուժացնում է ոչ թե ապագայի հեռանկարը, ապագայի շուրջ խորհելու, խոսելու եւ քննարկելու «տաղտկալի» գործը, այլ անցյալի հետ թեժ կռիվը: Լիովին հասկանալի է հանրության վերաբերմունքը նախկին իշխող համակարգի, դրա առանձին ներկայացուցիչների, սպասարկող անձնակազմի տարաբնույթ հայտարարություններին: Ակնառու է, որ նրանք հրահրում են հանրությանը: Հրահրում են, որովհետեւ միայն անցյալի հետ թեժ կռիվն է, որ նրանց տալու է «արդիական» մնալու հնարավորություն: Հրահրման քաղաքականությունը կատարում է իր դերը: Դրա մյուս նպատակն էլ հանրությանն անընդհատ լարվածության մեջ պահելն է, որովհետեւ այդ պարագայում մարդիկ հեշտ են մանիպուլյացվում: Ու տեղի է ունենում տարօրինակ մի բան՝ մեկուկես տարի առաջ այդ համակարգին մերժած, իշխանությունից հեռացրած ու պարտության մատնած հանրությունը ներկայում ավելի տագնապալի եւ լարված հոգեվիճակում է, քան հեռացված համակարգը: Կամ, առնվազն հավասարված է, եւ այդ իմաստով նախկին համակարգին հաջողվել է նվազագույնը՝ հավասարեցնել հաղթողի եւ մերժվածի, պարտվածի հոգեվիճակները: Դա չի նշանակում, որ չկան ընթացիկ խնդիրներ, եւ լուրջ խնդիրներ, որոնք կարող է առաջացնել նախկին իշխող համակարգը՝ թեկուզ չունենալով իշխանություն: Հարցը սակայն այն է, որ հրահրման մեթոդաբանությամբ ամբողջական լարվածության առաջացումը բերում է ոչ թե խնդիրների լուծման, այլ հակառակը՝ սխալների կամ առնվազն անարդյունավետության մեծ հավանականության: Խնդիրները, առավել եւս լուրջ խնդիրները լուծվում են ինքնավստահության, սառնաստրության, սթափ հաշվարկի, վախի բացակայության պայմաններում: Գործնականում այն, ինչ խորքային իմաստով առկա էր Արցախից ստացված մյուս տեղեկության՝ Մասիս Մայիլյանի առաջադրման համատեքստում, երբ նա առաջարկում է գործնականում համազգային քննարկում ապագայի շուրջ, անցյալի հետ թեժ կռվի փոխարեն: Մեծ հաշվով այն, ինչ ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի իր ելույթում առաջարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հռչակելով համահայկական նպատակներն ու դրանց շուրջ համազգային կոնսենսուսի առկայությունը: Բայց, դարձյալ, ապագայի «դիսկուրսի» այդ առաջարկը չշարժեց հանրությանը, վկայելով իրապես խորքային խնդրի՝ «անցյալի հետ կռվին» պատանդ լինելու հանգամանքը: Տպավորություն է, որ դրանից դուրս հանրությունը հայտնվում է անորոշ անհարմարավետության մեջ, իսկ ահա հրահրողների հանդեպ կոշտ, թեկուզ նյարդային պատասխանը առաջացնում է որոշակիության եւ հարմարավետության զգացում: Ընդ որում, ակնառու է նաեւ, որ հրահրման մեթոդաբանությունը բնորոշ է ոչ միայն նախկին իշխող համակարգի շրջանակներին: Դրանով զբաղված են նաեւ այսպես ասած «հեղափոխության աջակից» ներկայացող մի շարք այլ շրջանակներ, որոնց գոյությունն էլ պայմանավորված է հանրային նոր հոգեվիճակում եւ հասարակական-քաղաքական մթնոլորտում «անցյալի հետ թեժ կռվի» գծի գերակայությամբ, որովհետեւ ապագան գործնականում եղել ու թերեւս շարունակում է լինել հայկական քաղաքական դասի թույլ կողմը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-10-2019 11:35