Կարեն Վարդանյանը հայաստանյան WCIT-ը մյուսներից առանձնացնում է նոր, երիտասարդ դեմքերի մասնակցությամբ

09-10-2019 00:49

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական միտում է համարում այն, որ Հայաստանում անցկացվող WCIT-ին այս տարի մասնակցել են ավելի երիտասարդ, նոր դեմքեր:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ արտահայտեց համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում: «Շատ թարմ օրակարգ էր, շատ թարմ ու ժամանակակից դեմքեր էին, այդ առումով Հայաստանում անցկացվող WCIT-ն էականորեն տարբերվեց նախորդ WCIT-ներից: Նախորդներում ավելի հասուն տարիքի դեմքեր էին ներկայացված, սա ստացվեց ավելի երիտասարդական WCIT»,-ասաց Վարդանյանն ու նկատեց՝ դա դրական միտում է: Խոսելով այս տարի մասնակիցների աննախադեպ թվի մասին՝ նա նշեց՝ աշխատել են այնպես անել, որ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից գրեթե բոլորը ներկայացված լինեն, Հայաստանում հենց ներքին մասնակցությունը շատ մեծ է եղել: Այս տարի մեծ թվով մասնակիցներ են եղել Ռուսաստանից, Իրանից, Բանգլադեշից, Մալայզիայից: WCIT-ի շրջանակում հայաստանյան ընկերությունների համար համագործակցության նպատակով բանակցություններ են ընթանում: Նախնական պայմանավորվածություններ եղել են: Սակայն Վարդանյանը նշեց՝ հիմա դրանց մասին հայտնելու համար վաղ է, պայմանավորվածությունների արդյունքը գուցե երևա մի քանի տարուց:

Lragir.am,
09-10-2019 00:49