Մենք ամբողջ աշխարհում հաջողակ ենք, բայց էս 30 տարի ինքներս մեր մեջ չէինք կարողանում հաջողակ լինել

09-10-2019 13:45

«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում այսօր ելույթ ունեցավ նաև ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ով նշեց, որ հնչած առաջարկները պետք ք հավաքել «մեկ զոնտիկի տակ»: Ըստ նրա՝ կառավարությունն ասում է, որ որդեգրել է արտահանման քաղաքականություն, դա լավ պրակտիկա է փոքր զարգացող երկրների համար: Բայց կարևոր է՝ մեր մոդելը ո՞րն է: «Հաջորդ հանդիպման համար պետք է մտծել, թե որն է տնտեսական ճեղքում առաջացնող մոդելը»,- ասաց նա: Վարդան Արամյանին պատասխանեց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Երկու կարևոր հանգամանք կա, միշտ էլ փորձել ենք դրսի համակարգերը կիրառել, փորձը տեղայնացնել, բայց չի ստացվել մի պատճառով՝ մենք իմիտացիա ենք արել: Քաղաքական կամքը եղել է կեղծ, այսօր մենք անկեղծ մթնոլորտում ենք» : Վարդան Արամյանը նաև ասել էր, որ երկրում մեգածրագրերի իրականացման համար չեմպիոններ են պետք, մասնագետներ, որոնք դրանք կկարողանան իրականացնել: Արսեն Ղազարյանը պատասխանեց՝ ինչո՞ւ մեգածրագրերը արդյունք չտվեցին, Հազարամյակների մարտահարվերներ, մյուս ծրագրերն ինչո՞ւ ձախողվեցին: «Ինչու ձախողվեց ողբերգական Հյուսիս-Հարավ ծրագիրը, որը մեզ բոլորիս խայտառակ վիճակի մեջ դրեց: Պարզվեց՝ մենք ասֆալտ գցել չգիտենք, սաղ Ռուսաստանը ասֆալտապատում ենք, բայց մեր մոտ խայտառակ ենք: Պատճառը, որովհետև կեղծ էինք անում: Հիմա վիճակը փոխվել է: Ձեր մարտահրավերը ընդունում ենք, բայց հասկանանք մի բան, որ մեր մոտ չի տեղայնացվում այլ երկրների փորձը, մենք պետք է մերը մշակենք, որովհետև մեր տեսակն է տարբեր: Մենք ամբողջ աշխարհում հաջողակ ենք, բայց էս 30 տարի ինքներս մեր մեջ չէինք կարողանում հաջողակ լինել»,- նշեց Ղազարյանը:

Lragir.am,
09-10-2019 13:45