Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով. Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է իր ստրասբուրգյան այցը

09-10-2019 14:00

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ստրասբուրգյան այցը արդյունավետ է գնահատում: Նրա խոսքով, շոշափելի արդյունքները տեսանելի են: Այնտեղ գտնվելու գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության և այդ տարածքների միջազգային ընդգրկվածության հետ կապված հարցերը քննարկելն էր: «Իմ ելույթի ժամանակ նշել եմ, որ ինչպես մի շարք միջազգային փաստաթղթեր, այնպես էլ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, սահմանում են, որ մարդու իրավունքները համընդհանուր են: Անկախ որևէ պետության կարգավիճակից , տվյալ տարածքի բնակիչները չպետք է զրկված լինեն մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից: Չնայած այդ դրույթներին, իրականում չճանաչված պետությունների բնակիչները մեկուսացած են միջազգային հանրությունից, միջազգային ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունից»,- «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, այս դեպքում բացառություն չէ Արցախի Հանրապետությունը: Իր ելույթում Արտակ Բեգլարյանը նշել է, որ դա երեք մակարդակներում բացասական է անդրադառնում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Առաջին մակարդակը տեղականն է, երկրորդը՝ տարածաշրջանային, երրորդը՝ միջազգային: Տեղական մակարդակն այն է, որ ինստիտուցիոնալ զարգացման առումով բավական շատ խնդիրներ են առաջանում, քանի որ միջազգայնորեն մեկուսացած  է տվյալ պետությունը: Պետական մարմինները միջազգային փորձին ուղիղ առումով հաղորդակից չեն լինում: «Արդյունքում՝ մնում ենք մենակ, նույնիսկ եթե քաղաքական կամքը գոյություն է ունենում: Արցախի պարագայում բավական շատ հաջողություններ ունենք՝ շնորհիվ ներքին ներուժի և Հայաստանի աջակցության, բայց դա բավարար չէ»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Երկրորդ մակարդակը, որը տարածաշրջանայինն է, պայմանավորված է հակամարտությամբ: Արցախի պարագայում խնդիրը Ադրբեջանի հետ է, որը սպառնալիքների դիրքերից է հանդես գալիս: Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում կոնկրետ օրինակներով ներկայացրել է, թե այդ համատեքստում արցախցիները մարդու իրավունքների ինչ խախտումներ են ունենում: «Ապրիլյան պատերազմն այդ ցցուն օրինակներից է, երբ վառ կերպով դրսևորվեցին Ադրբեջանի հայատյաց  քաղաքականության հետևանքները: Ընդգծել եմ, որ մեր հանդեպ սպառնալիքների ու սահմանափակումների հիմնական աղբյուրը Ադրբեջանի պետական մակարդակով հայատյաց  քաղաքականությունն է: Ներկայացրել եմ օդանավակայանի դեպքը, որը ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է, Ադրբեջանի կողմից Արցախ այցելած անձանց դեպքում, այսպես կոչված, «սև ցուցակը», որը ոտնահարում է Արցախ այցելած քաղաքացիների իրավունքները: Անդրադարձ եմ կատարել միջազգային ներդրողների հանդեպ հետապնդումներին, որ Արցախում գործունեություն չծավալեն և այլն»,-ասաց Արցախի Երրորդը միջազգային մակարդակն է, երբ մարդու իրավունքների ոտնահարումը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների կողմից: Օրինակները շատ են, մասնավորապես, Արցախի փաստաթղթերի ճանաչման խնդիրը, այդ թվում դիպլոմների, քաղաքացիական ակտերի և այլն: «Ասեմ, որ միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բավական շատ պաշտոնյաներ, դիվանագետներ, փորձագետներ: Իմ ելույթից հետո արձագանքը դրական էր, իմ բարձրացրած դիտարկումներն ընդունելի էին: Դրանից բացի, հետաքրքրություն եմ նկատել հենց Արցախի հարցերի հետ կապված. որոշ պաշտոնյաներ փորձել են ավելի շատ տեղեկություններ ստանալ մարդու իրավունքների պաշտպանության, առկա իրավիճակի մասին»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ շոշափելին այս պահին այն է, որ տեղեկությունների ու նյութերի փոխանակում լինի, լավագույն տարբերակը՝ որ ուղիղ շփումներ լինեն: Արցախի ՄԻՊ-ն արձագանքեց նաև իր այցելության ու ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, այնտեղ պաստառներով ադրբեջանցիների հավաքին: «Ես ներկայացրել եմ զուտ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, դրանից բխող խնդիրները: Ադրբեջանցիները, որոնք ներկա էին, քաղաքական կարգախոսներով պաստառներ էին բարձրացրել»,-ասաց նա:

Lragir.am,
09-10-2019 14:00