Աննա Հակոբյանն ու Բեռլինի «Շարիտե» կլինիկայի մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

09-10-2019 15:50

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալել է  Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին: Հանդիպմանը ներկա են գտնվել Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Հանդիպմանը տիկին Էգերթը պատմել է Երևան կատարած իր այցի մանրամասները, ներկայացրել Արյունաբանական կենտրոնում ունեցած հանդիպումներն ու ստացած տպավորությունները: «Պետք է ասեմ, որ ես շատ զարմացած եմ: Ես եկել էի որպես զարգացած բժշկություն ունեցող երկրից, բայց այն ինչ տեսա այստեղ՝ հրաշալի է, շատ զարգացած է և մանկական ուռուցքաբանության ոլորտը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Բժիշկները շատ պրոֆեսիոնալ են»,- ասել է Անգելիկա Էգերթը՝ առանձնահատուկ շեշտելով հանգամանքը, որ մեկ կենտրոնում են գործում մանկական արյունաբանական կենտրոնը և մանկական ուռուցքաբանության կենտրոնը: Ըստ տիկին Էգերթի, Գերմանիայում նման կենտրոն չկա և Գերմանիան պետք է Հայաստանից վերցնի այդ փորձը, որը շատ արդյունավետ է: «Շատ ուրախ եմ ձեր գնահատականների համար: Դա շատ կարևոր է մեզ համար: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Դա մեր բժիշկների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ մենք այսօր ունենք նման մակարդակ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեխնիկական սարքավորումները բարձր մակարդակի վրա չեն, սակայն մասնագետները բարձր որակավորում ունեն և համարվում են փայլուն մասնագետներ: Աննա Հակոբյանը շեշտել է, որ իր գործունեության նպատակն է Հայաստանում քաղցկեղի մեծ տարածաշրջանային կենտրոն ստեղծել: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ ներկայում ընթացքի մեջ է պալիատիվ կենտրոնի և խնամքի տան կառուցման հարցը: Խոսելով Երևան այցի արդյունքների մասին, տիկին Էգերթը նշել է, որ ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ: Դրանցից մեկը Tellmedicine-ի իրականացումն է, որի շնորհիվ հայ և գերմանացի բժիշկները տեսակապի միջոցով կկարողանան քննարկել բարդ դեպքերը: «Tellmedicine-ի գաղափարը շատ լավն է: Բազմաթիվ հայեր ցանկանում են իրենց բուժումն իրականացնել ոչ թե Երևանում, այլ Գերմանիայում: Անգամ, երբ մեր բժիշկները հավաստիացնում են, որ բուժումը լիովին հնարավոր է իրականացնել Երևանում և հաղթահարել հիվանդությունը, շատերը, միևնույն է ցանկանում են մեկնել Գերմանիա: Նրանցից շատերն անգամ փախստական են դառնում: Դա մեծ խնդիր է երկու երկրների համար: Եվ այժմ, երբ հնարավոր է, որ պացիենտները տեսնեն նաև այդ քննարկումների արդյունքները, տեղեկանան, թե գերմանացի բժիշկներն ինչկարծիք ունեն, դա նրանց ավելի մեծ վստահություն կհաղորդի»,- ասել է Աննա Հակոբյանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համատեղ վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ: Տիկին Էգերթը շեշտել է, որ այդ ուղղությամբ Գերմանիայում լուրջ աշխատանք ունի կատարելու և մի քանի հիմնադրամների ներկայացնելու է ծրագիրը, որպեսզի նրանցից ստանա աջակցություն: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցեր:

Lragir.am,
09-10-2019 15:50