Չեմ լսել բնակիչների խոսքը, չգիտեմ, թե ինչում եմ մեղավոր

Ազգային ժողովում քննարկումը դեռևս չի նշանակում, որ դրանով կարող են փոխվել օրենքներ: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում անցկացված բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները թեմայով քննարկմանը: Մեր հարցին, թե որքանո՞վ է հնարավորություն տեսնում, որ սեփականության իրավունքի հետ կապված գործերը կարող են վերաբացվել, Հարությունյանը պատասխանեց. «Կան հարցեր, որոնցով կան հայցերի վաղեմության ժամկետներ, կան հայցեր, որոնցով հայցային վաղեմության ժակետներ չկան: Յուրաքանչյուր դեպքն առանձին դիտարկման ենթակա է»: Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությանը, Հարությունյանն ասաց. «Նայած, թե ով ինչ է արել»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում խնդրի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել էր, որ Երևանի բնակչության ունեզրկմանը մասնակցած մեղավոր անձինք պետք է պատժվեն: Նախկին բնակիչները անուններ ու փաստեր էին ներկայացրել: Նրանք, ի թիվս այլ նախկին պաշտոնատար անձանց, նաև Դավիթ Հարությունյանին են մեղադրում իրենց ունեզրկելու հարցում: Արարատ Միրզոյանն ասել էր՝ լսումների ձայնագրությունը իրավապահներին կտրամադրի: «Ես չեմ լսել բնակիչների խոսքը, չգիտեմ, թե ինչում եմ մեղավոր: Շատ ընդհանուր ձևակերպված մեղադրանքներին պատասխանել չեմ կարող: Եթե կոնկրետ փաստեր լինեն, կկարողանամ արձագանքել»,- ի պատասխան ասաց Դավիթ Հարությունյանը: Լսումների ժամանակ հնչեցված առաջարկություններից էր նաև, օրինակ, Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարաններ ձեռք բերած սեփականատերերին բացահայտելը: Կասկածներ կան, որ նրանք կապվում են նախկին պաշտոնյաների հետ: «Կարծում եմ՝ այդ տեղեկատվության զգալի մասն ազատ է: Առանձնապես մեծ գաղտիքներ որոնելու կարիք չկա: Որպես կանոն, դրանք ոչ թե ֆիզիկական անհատներ, այլ ձեռնարկություններ են, որոնք գրանցված են եղել ՀՀ-ում: Իսկ դրանց սեփականատերերն էլ այնպես չէ, որ թաքցված են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
09-10-2019 17:18