Աննա Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսականներ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին

09-10-2019 17:34

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիըր-Կանչելյանին, Ջուդի Չուին և տիկին Սփիըրի  աշխատակազմի ղեկավար Ջոշ Կոնոլիին: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ճաշի ընթացքում Ջեքի Սփիըրն ու Ջուդի Չուն ներկայացրել են Հայաստան այցի մանրամասներն ու պատմել Արցախից ստացած տպավորությունները: Ջուդի Չուն նշել է, որ իսկապես տպավորված է Արցախով: ‹‹Այն շատ գեղեցիկ, շատ խաղաղ վայր է››,- ասել է տիկին Չուն: Տիկին Սփիըրին էլ հիացրել է ոչ միայն Արցախում տիրող խաղաղությունը, այլև այնտեղ առկա քաղաքացիական մտքի բարձր մակարդակը: ‹‹Ես շատ տպավորված եմ այս այցով, Արցախ այցելությամբ և իսկապես պետք է հարգել Արցախի խաղաղասիրությունը, ձեռքբերումները, որ ունեցել է այս ժամանակահատվածում››,- ասել է տիկին Սփիըրը՝ հավելելով, որ Վաշինգտոն վերադառնալով շարունակելու են իրենց գործունեությամբ նպաստել Արցախի զարգացմանն ու խաղաղության պահպանմանը: ‹‹Շատ շնորհակալ եմ այս հանդիպման, Արցախ կատարած Ձեր այցի համար: Իսկապես, դուք իրավացի եք, Արցախը զարմանալի գեղեցիկ վայր է, և Ստեփանակերտն ամենախաղաղ վայրն է: Ես հենց այսօր էլ Ֆեյսբուքի իմ էջում գրառում էի կատարել, որ պետք է Երևանում ծրագրավորած հանդիպումները ավարտելուց հետո մեկնեմ Արցախ, քանի որ այնտեղ կա խաղաղություն››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախն իր տեսակով յուրահատուկ է: ‹‹Մենք ցանկանում ենք խաղաղություն, ոչ միայն Արցախում, այլև ամբողջ տարածաշրջանում: Խաղաղությունը մեզ համար շատ կարևոր արժեք է››,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան տիկին Չուն շեշտել է, որ խաղաղությունն  իսկապես ամենակարևորն է: Վերջինիս խնդրանքով Աննա Հակոբյանը ներկայացրել է իր նախաձեռնած ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավը: ‹‹Սա մարդասիրական, խաղաղասիրական արշավ է: Այն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն: Այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Արցախյան հակամարտությունը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մի օր Արցախյան հակամարտությունը կարգավորված լինի, նա շարունակելու է այս գործընթացը հանուն աշխարհում խաղաղության հաստատման:

Lragir.am,
09-10-2019 17:34