Երևանում ավարտվեց WCIT-2019-ը

09-10-2019 18:00

Երևանում ավարտվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT-2019): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի ավարտն ազդարարվեց հոկտեմբերի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Համաժողովի փակման իր ելույթում Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին: «Մինչև փակման արարողությունը սկսելը, ցանկանում եմ ասել, որ դուք հրաշալի էիք: Մենք վերադառնալու ենք տուն այս ամենի ավարտից հետո, սակայն այս օրերին տեղի ունեցածը պահելու ենք մեր սրտում հավետ»,- ասաց Պոիզան: «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Հայաստանի տեխնոլոգիական համայնքին և միջոցառմանն աջակցող կամավորներին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին ու լսարանին: «Ես կարծում եմ, որ միջոցառումը շլացուցիչ էր, և մենք արեցինք ավելին»,- ասաց Ավինյանը:

Lragir.am,
09-10-2019 18:00