Գլխավոր դատախազությունը Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է ԱԱԾ

09-10-2019 18:37

Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am-ին տված հարցազրույցում տեղ գտած հանգամանքները ստուգելու նպատակով հարցազրույցի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ: Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարցազրույցի տեսանյութը, որը հրապարակվել էր մամուլում, Գլխավոր դատախազի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ստուգելու նպատակով»,- «Փաստինֆո»-ին ասաց Գոռ Աբրահամյանը: Հարցին, թե հարցազրույցի՝ մասնավորապես ո՞ր հայտարարություններն են մտահոգություններ առաջացրել՝ Գոռ Աբրահամյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել, իր ընդհանրության մեջ դա ստուգելու անհրաժեշտություն է տեսել գլխավոր դատախազությունը, այդ պատճառով ուղարկվել է ԱԱԾ»: Ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր անդրադարձել հարցազրույցին՝ նշելով, որ այդ հարցազրույցին պետք է գնահատական տան իրավապահ մարմինները: Հարցազրույցում Վիտալի Բալասանյանը մտահոգություններ է հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, անդրադարձել է 2018 թվականի ապրիլյան քաղաքական գործընթացներին՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: Բալասանյանը խոսել է նաեւ 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման դեպքերից եւ անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանի ու Ժիրայր Սեֆիլյանի միջեւ վերջերս տեղի ունեցած հանդիպմանը:

Lragir.am,
09-10-2019 18:37