«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին»` համաժողով նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

09-10-2019 20:47

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված` «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Համաժողովի հիմնական բանախոսներից է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա, նախ, շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: «Մեր երկիրը շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,-նշել է նախագահը` քաջալերելով երիտասարդներին ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը բացման խոսքում անդրադարձել է կրթության և նորարարության փոխկապակցվածության խնդրին. «Մարդկային կապիտալի զարգացման հետ կապված ծրագրերը, որոնց թիրախում երիտասարդներն են,  մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Այսօր մենք քայլ ենք կատարում դեպի այլ դարաշրջան, որտեղ կրթության հարացույցի մեջ կատարվել են կարևոր փոփոխություններ` կրթության մասսայականացում, բաց դասընթացներ, կրթական կենտրոնների տեղաշարժեր, ապակենտրոնացում: Մասնագիտությունները, կրթական ծրագրերի միջև ջրբաժաններն այլևս ընդգծված չեն: Երբ մենք երազում ենք ապագայի մասին, պետք է հասկանանք, որ այն վաղվա համար չէ: Մենք նախագծում ենք ապագան` բոլորս միասին`  արհեստավարժ մասնագետներով, երիտասարդներով, որոնք աջակցում են միմյանց նոր հնարավորություններ ստեղծելու գործում: Մենք պետք է ոչ թե ձգտենք զարգացման, այլ ինքներս դառնանք այդ զարգացումը»,- նշել է Արևիկ Անափիոսյանը: Մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հիշյալ ոլորտներում մասնագիտացված մի շարք հասարակական կազմակերպությունների ու ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Եվրոպական երիտասարդ դեսպաններ» ծրագրի մոտ երեք տասնյակ մասնակիցներ: Համաժողովն անցկացվել է չորս թեմատիկ պանելներով, որոնց համատեքստում նախատեսվում է անդրադարձ կատարել նախորդ տասը տարիների ընթացքում կրթության և նորարարության ոլորտում Արևելյան գործընկերության (ԱլԳ) շրջանակում գրանցված հաջողություններին, առկա մարտահրավերներին և ԱլԳ ապագա տեսլականին: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր:

Lragir.am,
09-10-2019 20:47