Ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկել Է կուսակցությունների ֆինանսավորման հարցեր

09-10-2019 21:24

ՀՀ Ազգային ժողովում Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ  նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավերդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է պատժամիջոցների կիրառման միջազգային փորձը: Նշվել է, որ ուսումնասիրված 27 երկրներից միայն Շվեյցարիայում է բացակայում պատժամիջոցը, մյուսներում՝ մեծամասամբ, կիրառվում են վարչական տուգանքներ: Մասնակիցները քննարկել են նաեւ վերահսկողությամբ զբաղվող մարմնին առնչվող հարցը. շրջանառվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունները: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝  նախընտրական շրջանում վերահսկողությունը պետք է իրականացնի ԿԸՀ-ն՝ մի քանի պատճառով: Դրանցից ամենաէականն այն է, որ նշյալ ժամանակահատվածում կարող են ծագել օրենքի մեկնաբանմանը, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելուն եւ նախընտրական շրջանում հավաքականությանն առնչվող խնդիրներ: Պատգամավորները կարծում են, որ վերահսկողության գործառույթը պետք է տրամադրել չեզոք մարմնի,  ըստ նրանց՝ դա կարող է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը նշել է, որ առաջիկայում կանդրադառնան մի շարք առանձնացված խնդրահարույց դրույթների եւս:

Lragir.am,
09-10-2019 21:24