Վրաց-ադրբեջանական բախման եզրին. Գախարիան գնացել է Ալիեւի մոտ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարչապետի պաշտոնում իր առաջին այցը կատարել է Ադրբեջան: Նրան արդեն ընդունել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Հոկտեմբերի 15-ին Գախարիան կայցելի Հայաստան, իսկ հոկտեմբերի վերջին՝ Թուրքիա: Թբիլիսին նշում է իր համար կարեւոր կետերը: Չնայած Գախարիան առաջին այցը կատարել է Ադրբեջան, դա ոչ թե եղբայրական հարաբերությունների, այլ, ավելի շուտ, առկա լուրջ խնդիրների նշան է: Այցի օրը հրապարակվել է Վրաստանի պատրիարք Իլիա 2-րդի նամակը Գախարիային եւ Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին Դավիթ Գարեջի վանական համալիրի վերաբերյալ: «Խոսքը երկու կարեւոր վանքերի՝ Ուդաբնոյի եւ Չիչխիթուրիի մասին է: Իրավաբանորեն ու քարտեզով ամեն ինչ շատ պարզ է: 1938 և 1966 թվականներին Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ պայմանագիր են ստորագրել, որով պետական սահմանը հաստատվել է քարտեզով: Ուդաբնո եւ Չիչխիթուրի վանքերը գրանցվել են Վրաստանի տարածքում, ի տարբերություն Բերտուբանիի, որը նույնպես Գարեջիի անքակտելի մաս է, բայց այն քարտեզով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Այսօր անհասկանալի են ադրբեջանական կողմի հավակնությունները, 2019 թվականին մեզ զրկել են Չիչխիթուրի եւ Ուդաբնո վանքերից, որի մոտ դեռ չսահմանազատված մասում սահմանային սեկտոր են կառուցել եւ ամբողջությամբ փակել ուխտավորների, զոբսաշրջիկների ու անգամ հոգեւորականների մուտքը, որի հետ, բնականաբար, չենք հաշտվի», – նշված է Պատրիարքի նամակում: Նամակում նշված է, որ այդ տարածքներում փաստացի իրադրության պահպանումը պարտադիր է՝ միջազգային իրավունքին համապատասխան, իսկ իրադրության փոփոխությունն առանց այլ պետության համաձայնության, հատկապես բռնի գործողությունների ճանապարհով, ամբողջովին անընդունելի է: Պատրիարքը հայտնում է նաեւ, որ իրավական առումով այդ սեփականությունը հաստատվել է 2002 թվականի հոկտեմբերի 14-ին Վրաստանի պետության ու վրացական եկեղեցու միջեւ ստորագրված սահմանադրական համաձայնությամբ, որում կարդում ենք՝ բոլոր տաճարներն ու վանքերը եւ հողերը, որոնց վրա գտնվում են դրանք, եկեղեցու սեփականությունն են: Վրաց պատրիարքը վանքերը Վրաց եկեղեցու սեփականություն անվանելով, փաստորեն մեղադրել է Ադրբեջանին եկեղեցու սեփականության նկատմամբ ոտնձգության մեջ: Վրաց պատրիարքն այդքան բացահայտ չէր խոսի հավակնությունների մասին, եթե խնդրի իրավական ու քաղաքական լուծում տեսներ: Ըստ ամենայնի, Ադրբեջանը հրաժարվում է որեւէ լուծումից՝ Վրաստանին թողնելով բողոքելու «իրավունքը»: Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները բարդացել են, եւ բանը միայն Դավիթ Գարեջին չէ: Խնդիրը տոնայնությունն ու քաղաքական հավակնություններն են, որն Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Վրաստանի հետ հարաբերություններում: Պաշտոնական Թբիլիսին սկսում է իր կաշվի վրա զգալ Ադրբեջանի ծավալապաշտությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
09-10-2019 21:21