Նոբելյան մրցանակ՝ լիթիումիոնային մարտկոցի համար

09-10-2019 21:42

Ճապոնացի, ամերիկացի և բրիտանացի հետազոտողները ճանաչվել են 2019 թվականի Նոբելյան մրցանակակիրներ քիմիայի ոլորտում: Այս մասին հայտնում է Գիտությունների թագավորական շվեդական ակադեմիան: Նրանցից 97-ամյա Ջոն Գուդենաֆը Նոբելյան մրցանակի արժանացած ամենատարեց մարդն է: Երեք հետազոտողները մրցանակի են արժանացել են լիթիումիոնային մարտկոցների զարգացման համար, որի շնորհիվ հնարավոր է դարձել սմարթֆոնների գոյությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Գուդենաֆից բացի մրցանակին արժանացել են բրիտանացի Սթենլի Վիթինգհեմը և ճապոնացի Ակիրա Յոշինոն: «Թեթև, վերալիցքավորվող և հզոր մարտկոցն այսօր օգտագործվում է ամեն ինչում՝ սկսած բջջային հեռախոսներից, վերջացրած լափթոփներով ու էլեկտրամեքենանրով, ինչպես նաև կարողանում է կուտակել արևի ու քամու էներգիան՝ հնարավոր դարձնելով հանածո վառիլիքից ազատ հանրության գոյությունը», – նշել է Նոբելյան հանձնաժողովը: Առաջին լիթիումային մարտկոցները շուկա են մտել 1991 թվականին: 1970-ականներին Վիթինգհեմը հայտնաբերել է էներգիան լիթիում մետաղի մեջ պահպանելու տարբերակը, իսկ Գուդենաֆը կատարելագործել է նրա աշխատանքը՝ կրկնապատկելով կուտակված էներգիան: Յոշինոն էլ օգտագործել է ածխածնի հիմքով նյութը լիթիումի իոնների կուտակման համար՝ բերելով մարտկոցը կոմերցիոն տեսքի:

Lragir.am,
09-10-2019 21:42