Իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ, որ Քոչարյանի նկատմամբ սկսվի իսկապես քաղաքական հալածանք

Մեր զրուցակիցն է փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը Տիկին Սաֆարյան, ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը: Դա կարո՞ղ է արդյոք որևէ ազդեցություն ունենալ գործի վրա: Եթե իրավունքի լուրջ խախտում ճանաչի, միգուցե ազդեցություն ունենա, բայց ես չեմ կարծում, որ լուրջ խախտում կարձանագրվի, որովհետև սա ներպետական հանցակազմի ընդունել-չընդունելու խնդիր է: Իսկ ՍԴ դիմելու հետ կապված ես այն ժամանակ էլ ասացի, որ իրենք 300.1 հոդվածի հանցակազմը չեն ընդունում և գտնում են, որ այնտեղ որոշ հատկանիշներ Ռոբերտ Քոչարյանի արարքին չեն բռնում, ինքը նոր հոդված է և այլն: Ես չեմ կարծում, որ վճռորոշ ազդեցություն ունենա: Գուցե որոշակի ազդեցություն ունենա, բայց բովանդակային առումով չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի: Քոչարյանի աջակիցները հայտարարություն են տարածել, որտեղ «մարտի 1»-ի այս գործը հակասահմանադրական են համարում, քաղաքական հետապնդում են համարում, իսկ Քոչարյանին անվանում են քաղբանտարկյալ: Ինչպե՞ս եք սա գնահատում: Ես այդ մարդկանց ուղղակի խորհուրդ կտամ այդ գործի հատորներից գոնե 5-10-ին ծանոթանան, որտեղ և Քոչարյանի, և իշխանությունների դեմքը, և բոլորի հանցավոր համագործակցությունը բացահայտ տեսանելի կլինի: Ու եթե իրենք դա երկրի նախագահի վարքագիծ են դիտում, խնդիր չկա: Բայց խոսել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուղղակի ծիծաղելի է, որովհետև նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հակաօրինական արարքների համար, և այդ արարքների հետ կապված փաստերն ահավոր շատ են: Դրանք որևէ անգամ լուրջ վիճարկումների առիթ պաշտպանության կողմից չի եղել: Տեսակետ կա, որ առաջիկայում շատ գործեր կլինեն Քոչարյանի դեմ՝ հաշվի առնելով Հյուսիսային պողոտայի բնակիչների իրավունքների խախտումները, մի շարք այլ գործեր: Եթե երկիրն օգտագործել է սեփական շահ ստանալու, սեփական հարստությունը դիզելու համար, իհարկե, երկրին վնասներ տալու, բնակչությանը, պետականությանը վնասելու համար, եթե դրանք օրենքով սահմանված գործառույթներ չեն եղել, եթե դրանք պետության շահերի դեմ են եղել, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն: Եթե իր գործառույթներից կբխի, եթե հիմնավորված քայլեր կլինեն, ես որևէ բան չունեմ ասելու: Նախագահ է եղել, իր գործառութային ազատությունից պետք է օգտվի, իսկ եթե մշտապես այդ գործառույթների անվան տակ կատարվել են արարքներ, որոնք հանցավոր են, որոնք ուրիշի նկատմամբ հանցագործություն և ոտնձգություն անելով են արվել, ուրեմն պետք է այն անձինք, որոնց նկատմամբ ոտնձգություն է արվել, տուժող ճանաչվեն, իսկ կատարող անձը համապատասխան քրեորեն հետապնդելի արարքի համար պատժվի: Վստահ եմ, նորից առաջ կքաշեն գործառութային անձեռնմխելիության հարցը, բայց հո գործառութային անձեռնմխելիությունը թույլ չի՞ տալիս, որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները ոտնահարվեն: Ես կարծում եմ՝ այդ ամենը նախաքննական մարմնի կողմից լուրջ քննարկման առարկա կդառնա, և քանի որ խոսքը երկրորդ նախագահի մասին է, ես վստահ եմ, որ որևէ մարմին չի կարող ավել մեղադրանք առաջադրել, որովհետև հանրության ուշադրության կենտրոնում է ամեն բան: Միաժամանակ չպետք է վախենալ կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալուց: Տեսակետ կա, որ Քոչարյանի նախագահության տարիներին թույլ տված արարքներով այնքան շատ գործեր կարող են բացվել, որ ուղղակի պայթյուն կառաջացնի: Բոլորը գիտեն, որ այդ ժամանակ Հայաստանը թաթախվել էր խնդիրների մեջ: Այնպես չէ, որ նոր են հայտնաբերում Ռոբերտ Քոչարյանի կամ նրա հաջորդի գործողությունների հակաօրինականությունը: Այն, որ դատական ատյանները միայն նրանց շահերից բխող որոշումներ են կայացրել, խոսում է այն մասին, որ համակարգն անգամ օգտագործվել է իրենց նպատակները մինչև վերջ իրագործելու համար: Հետևաբար, ընդամենը իշխանությունը կամք է դրսևորում նախկինում արած հանցավոր արարքներին գնահատական տալու առումով: Բայց այսօրվա իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ, որ Քոչարյանի նկատմամբ սկսվի իսկապես քաղաքական հալածանք: Պետք է յուրաքանչյուր արարքի շուրջ կատարված քննությունը լինի թափանցիկ, և հանրությունը, նաև իրավապահները ճիշտ գնահատական տան՝ առանց հաշվի առնելու, թե որ կողմից են կամ ում կողմից են իրենք: Այդ դեպքում ինչ-որ բան մեր երկրում տեղի կունենա: Իսկ եթե բոլոր հանցագործությունները կոծկելու ցանկություն ունեցող մարդիկ որոշեն քաղբանտարկյալ տերմինն օգտագործել, որ Քոչարյանին փրկեն իր իշխանության տարիներին իր կողմից կատարված արարքների համար պատասխանատվությունից, դա ընդունելի չէ: Ես չեմ կարծում, որ Եվրոպական դատարանը, որ բազմաթիվ գործերով առնչվել է ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարման տարիներին տեղի ունեցած ակնհայտ անարդարություններին, իրավասու է նաև իր լսած գործերի ֆոնին գնահատելու Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը, ինչը կարծում եմ՝ շատ օբյեկտիվ կարվի: Ես կարծում եմ՝ որքան էլ աղմուկ լինի, որքան էլ կողմերի համար ցանկալի կամ անցանկալի լինի, եթե գործընթաց է սկսվել, այն պետք է ավարտել, դրա արդյունքները հանրությունը պետք է տեսնի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
09-10-2019 22:05