Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ (ֆոտո)

09-10-2019 23:40

ermenihaber.am. «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ: Պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է դրանք ցուցադրվեն: Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Անիի ավերակների պեղումները արդեն 120 տարի է, ինչ կատարվում են: Օքսյուզի փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե պատմական և թե մշակութային արժեքը: Միջանկյալ նշենք, որ Անիի ավերակներում 1904թ. պեղումներ է իրականացրել անվանի հայագետ Նիկողայոս Մառը, որի հայտնաբերած հնագիտական գտածոներով հետագայում թանգարան բացվեց: Մինչ այդ քաղաքը գրեթե չէր պեղվել: Կարսի նահանգապետը հայտնել է նաև, որ 2017թ. Անի է այցելել շուրջ 60.000 զբոսաշրջիկ, իսկ 2018-ին` 95.000 զբոսաշրջիկ: Հույս ունեն, որ այս տարի այցելուների ավելի մեծ թիվ են արձանագրելու: Հիշեցնենք, որ Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Lragir.am,
09-10-2019 23:40