Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. ՀՀ ԱԳ նախարար

10-10-2019 09:49

Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թուրքմենստանի իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարները շնորհավորեցին միմյանց` Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորելով համաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպման անցկացումը՝ որպես ևս մեկ քայլ՝ ուղղված երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց. «Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և պատմական խորն արմատներ, և դրանք մենք զարգացնում ենք մեծ պատասխանատվությամբ: Մենք ունենք համագործակցության տարբեր հարթակներ, մեր երկրների միջև երկխոսությունը շարունակվում է առաջին դեմքերի մակարդակով»: Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները գոհունակություն հայտնեցին պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ: Կողմերն անդրադարձան ԱՊՀ գործունեությանը և նրա առջև ծառացած մի շարք  օրակարգային խնդիրների: Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:  Փոխադարձաբար ընդգծվեց առևտրատնտեսական կապերի, ոլորտային համագործակցության ծրագրերի իրականացման և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Այս գործընթացում կարևորվեց Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը: Նախարարները նաև երկուստեք գոհունակություն հայտնեցին երկու երկրների տարածքում պահվող համապատասխանաբար հայկական և թուրքմենական պատմամշակութային ժառանգության և հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ և հույս հայտնեցին, որ վերջինիս անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: Զոհրաբ Մնացականյանը և Ռաշիդ Մերեդովը բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր:

Lragir.am,
10-10-2019 09:49