Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում հին կոյուղագծերը կփոխվեն

10-10-2019 10:20

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում հիմնանորոգումը շարունակվում է: Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքներ: Մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ներկայում իրականացվում են հենապատի կառուցման, ստորգետնյա կապի մալուխների անցկացման համար անհրաժեշտ խողովակների տեղադրման և դրա հետ կապված հողային աշխատանքներ: Նշենք, որ գործող երթևեկության պայմաններում աշխատանքների՝ միանգամից, ամբողջ ծավալով իրականացումն անհնար է, քանի որ ճանապարհը բավականին նեղ է, և այդ պարագայում կփակվի ամբողջ երթևեկելի մասը: Այս հանգամանքից ելնելով՝ մոտավորապես մեկ շաբաթ հետո, երբ կապի մալուխների խողովակների մեծ մասը տեղադրված կլինի, և փորված խրամուղին կծածկվի, նշված հատվածում կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները: Կապալառու կազմակերպության կողմից նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ նշված հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար: Նորոգվելու են նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջները. վերականգնման նախագծային աշխատանքներն ավարտված են, և այժմ իրականացվում է կամուրջների վերականգնումը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրում ներառելու գործընթացը: Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման վերջնաժամկետը 2020թ. նոյեմբերն է:

Lragir.am,
10-10-2019 10:20