1998 թ. հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներն առաջակցություն կստանան հիմնադրամից. Կառավարությունը հաստատեց

10-10-2019 11:36

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ շատ կարևոր որոշում է կայացրել՝ ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ սոցիալական արդարության սկզբունքն ընդունելով որպես առաջնային՝ նման քայլի են գնում: «Ես կարող եմ ուղղակի օրինակ բերել, որպեսզի պարզ լինի: Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանան ամսական նաև 240 հազար դրամ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարից դեպքերի համար»,- ասաց Տոնոյանը: Ըստ նրա՝ կոչումներից կախված այս թվերը փոոխվում են, սա միջինացված օրինակ է: «Բավականին մեծ ու ծանր աշխատանք է մեզ սպասվում, որովհետև պատճառական կապը պետք է հաստատվի»,- ասաց  Տոնոյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ սահմանից դուրս մնացողները ժամանակավոր են դուրս մնում, պետք է ըմբռնումով մոտենան: Նա շեշտեց, որ մեկ ու կես տարվա ընթացքում հատուցման հարցով կառավարությունը 19 տարի հետ է գնացել, ինչը լավ ցուցանիշ է: «Հաշվարկները շարունակվում են, ինչպես հայտարարել ենք, մեր գերնպատակն այն է, որ մենք այս պրեցեսը հետ տանենք մինչև անկախության մեկնարկը»,- հավելեց վարչապետը:

Lragir.am,
10-10-2019 11:36