Ինչ է տեղի ունենում Ադրբեջանում

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ադրբեջանում վարչապետ է փոխվել. Նովրուզ Մամեդովին փոխարինել է Ալի Ասադովը: Ինչո՞ւ էր պետք այս փոփոխությունը, ի՞նչ է դա փոխում ընդհանուր քաղաքականության մեջ: Իրականում, եթե արտաքին տեսքով դատենք, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, որովհետև Նովրուզ Մամեդովը, որ շուրջ մեկ տարի էր պաշտոնավարում, հեռացավ, և նրան փոխարինեց Ալի Ասադովը: Նրանք երկուսն էլ նախիջևանյան կլանից են, ծագումով Նախիջևանից: Ասադովը մոտ 10 տարի երիտասարդ է Մամեդովից, դրանից առաջ շուրջ 10 տարի զբաղեցրել է նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը: Այստեղ հատկանշական է, որ նախ Ադրբեջանում վարչապետի պաշտոնը որևէ էական դեր քաղաքական կառուցվածքի տեսանկյունից չունի: Հատկապես Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնն ստանձնելուց հետո այդ երկրում վարչապետի դերակատարումն էլ ավելի է նվազել: Այստեղ ավելի կարևոր է, թե վարչապետի փոփոխությունն ինչ փոփոխություններ է բերելու կառավարության կառուցվածքում: Կլինե՞ն արդյոք կադրային փոփոխություններ նախարարական պորտֆելներում, թե ոչ: Ադրբեջանի վարչապետի պաշտոնն այն կարևոր պաշտոնը չէ, որտեղ արված փոփոխությունը պետք է շոշափելի փոփոխություն բերի երկրին: Օրինակ, ասենք ռեֆորմատոր է գալիս, որը փոխելու է տնտեսությունը և այլն: Բացի այդ, նույնիսկ կլանային առումով փոփոխություն չի եղել: Այստեղ կարևորը վարչապետի փոփոխությունից հետո եկող փոփոխություններն են: Որքանով հնարավոր է դիտարկել իրավիճակը, ելնելով Ադրբեջանում մամուլի հրապարակումներից, ես կարծում եմ, որ սա ավելի մեծ գործընթացի սկիզբ է լինելու՝ հաշվի առնելով, թե ադրբեջանական իշխանությունները հենց երեկ տեղի ունեցած ցույցին ինչպիսի դաժանությամբ արձագանքեցին, դա հստակ գալիս է փաստելու, որ ունեն լուրջ վախեր և դառնում են ավելի ագրեսիվ նաև իրենց հասարակության ներսում, իրենց ընդդիմախոսների հանդեպ: Նախօրեին Բաքվում տեղի ունեցած ցույցը որքանո՞վ էր ազդեցիկ: Մի կողմից այդ ցույցն արտոնված էր, թույլատրված էր քաղաքապետարանի կողմից, մյուս կողմից ցույցն սկսելուց կարճ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ նրանք խախտում են կարգապահությունը և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Առկա տեսանյութերից երևում է, որ դրանք շատ դաժան մեթոդներ էին: Մարդկանց ուղղակի ծեծելով հեռացնում էին փողոցից և թույլ չէին տալիս մասնակցել ցույցի: Ավելին, իշխանությունները կամ իշխանություններին հարող ուժերը ներգրավել էին նաև մարդկանց, որոնք իշխանությունների օգտին էին վանկարկում, և դա վերածվեց փոխադարձ մեղադրանքների: Դրանից հետո Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին հայտարարեց, որ հաջորդ ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: Դեռևս պարզ չէ՝ արտոնված կլինի այն, թե ոչ, բայց փաստը ցույց է տալիս, որ անգամ արտոնված ցույցի պայմաններում իշխանությունը հնարավորություն չի տալիս մարդկանց արտահայտել իրենց ներսում կուտակված դժգոհությունը: Ընդհանրապես, ընդդիմությունը որքանո՞վ շանս ունի հաղթելու ավտորիտար Ադրբեջանում: Նայած, թե ընդդիմության ինչ ձևակերպում ենք տալիս, որովհետև ընդդիմադիր դաշտն էլ  բավական հեղհեղուկ վիճակում է: Մի կողմից Ժողովրդական ճակատն է՝ համեմատաբար հին ընդդիմությունը, որը պարբերաբար քարկոծվում է իշխանամերձ աղբյուրներով, նրանք մեղադրվում են 1990-ականներին Ադրբեջանի բոլոր ձախողումների մեջ և որակվում են դավաճան: Մյուս կողմից համեմատաբար ընդդիմադիր է համարվում Իլգար Մամեդովը և «Ռեալ» շարժումը, բայց նրանք, ըստ էության, այդ ազդեցությունը չունեն, ավելի միջազգային առումով են ընկալելի, քան ներքին հանրային տեսանկյունից: Նախկինում Իլգար Մամեդովն ու «Ռեալ» շարժումն ունեին որոշակի աջակցություն, բայց մարդիկ, որոնք կարող են համարվել համեմատաբար չափավոր, այս տարիներին բավական հալածանքների ենթարկվելով, նաև հիասթափվելով, լքել են երկիրը: Այսօր նրան սատարող այդ կոնտինգենտը չի երևում: Կան նաև, այսպես կոչված, իսլամիստները, որոնց հանդեպ իշխանություններն առանձնակի դաժան են, անգամ պատրաստ են գնդակահարել փողոցում՝ մեղադրելով ահաբեիչ լինելու մեջ, առանց որևէ դատ ու դատաստանի: Այս պահի դրությամբ ընդդիմադիր ուժ, որը կարող է մրցակցել Ալիևի հետ, չի երևում: Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ կան որոշակի ազդակներ ներիշխանական ճամբարում՝ հների ու նորերի պայքարի հարթակում: Սա, իհարկե, այլ քննարկման թեմա է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-10-2019 11:49