Խաղողի մթերման եզրափակիչ փուլում ենք, և ոչ մի աղմուկ-աղաղակ չկա, շնորհավորում եմ. Փաշինյան

10-10-2019 11:57

«Այսօր ես արձանագրեցի, որ մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք, և այս տարի ոչ մի աղմուկ-աղաղակ չկա»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ սա շատ հիշարժան փաստ է, որովհետև նախկինում խաղողի մթերման շրջանում կառավարությունը մշտապես սթրեսային տեղեկություններ էր ստանում: «Ես մեզ բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա, կարծում եմ, բավական լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ ամենևին և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք իրականացնում ենք»,- ասաց նա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարվանից պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ձեռնարկված քայլերն են արդյունք տալիս: Կառավարության նիստում զեկուցվեց, որ ներկա դրությամբ այս տարի մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Խոշոր երեք ընկերությունները միասին մոտ 90 հազար տոննա խաղող են մթերել: Իսկ կոնյակի համար մթերված խաղողի միկջին գինն այս տարի կազմել է մեկ կգ համար 150-155 դրամ:  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ մտահոգություններ է լսում այն մասին, որ խաղողի մթերման վերաբերյալ մեր վիճակագրությունը այնքան էլ իրական չէ: Եվ դա որոշակիորեն կախված է նախկին մեխանիզմների հետ: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն ասաց, որ խաղողի մթերման վիճակագրություն չի վարվում: «Դա տնտեսվարող սուբյեկտների գործընթաց է, մենք հավաքագրում ենք արտադրված գյուղմթերքը»,- ասաց նա: Վարչապետը հարցրեց․ «Իսկ խաղողի այգիների հետ կապված վիճակագրություն չեք վարո՞ւմ»: Ստեփան Մնացականյանն ասաց, որ վարում են: «Դե ասում են, որ շան գլուխն այդտեղ է թաղված»,- արձագանքեց վարչապետը:

Lragir.am,
10-10-2019 11:57