Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում

10-10-2019 00:51

ՀՀ կառավարությունն ընդունեց «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: «Հանրապետությունում այժմ ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածությունը, ծավալները և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս մեզ բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը և գործոնները, գնահատել ընտանիքում բռնության դրսևորման օրինաչափությունները և այլն»,- ասաց Գասպարյանը: Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ որոշման ընդունումը բյուջեի միջոցների վրա ազդեցություն չի ունենա:

Lragir.am,
10-10-2019 00:51