Մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվեց էլեկտրաէներգիա արտադրող ընկերությանը

10-10-2019 13:17

ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերությանը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը հոկտեմբերի 10-ի գործադիրի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Նախագծով առաջարկվում է բավարարել «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքները մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը: Սարքավորումները ներմուծվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար: Արտադրությունն իրականացվելու է Սյունիքի մարզում: Ընկերությունը գործում է 2015 թվականից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 միլիարդն արդեն իսկ իրականացվել է: Մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, տեղադրման, ինչպես նաև տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար»,- ասաց Ավանեսյանը: Ներկայումս առկա է 151 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 413 հազար դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 10 նոր աշխատատեղ՝ 750 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.4 մլրդ ՀՀ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմելու է 513 մլն դրամ, որից պետական բյուջե մուտք չի գործելու 6.3 մլն ՀՀ դրամ:

Lragir.am,
10-10-2019 13:17