Մամեդյարովի վերջի՞ն լուսանկարը. ինչ է կատարվում Ադրբեջանում

Թուրքմենիայում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման հավաքական լուսանկարի արարողությունից նկատելի է, որ Հայաստանի իր գործընկերոջ կողքին կանգնող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը որոշակի անհարմարավետություն է ապրում: Այդօրինակ հավաքներում հավաքական լուսանկարների ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաները ստիպված են կանգնել իրենց հայաստանցի գործընկերոջ կողքին, թեեւ պատկերացնում են, որ հանգիստ կանգնելը Բաքվում հենց իրենց իսկ ձեռքով հայատյացի վերածված հանրության զգալի մասը ընդունելու է սվիններով: Հատկապես ցցուն են լինում պաշտպանության նախարարների հավաքի լուսանկարները, երբ օրինակ Զաքիր Հասանովը Հայաստանի նախարարներից կանգնում է այնպիսի հեռավորության վրա, կարծես փախչում է ատոմային ռեակտորից: Հասանովի դեպքում դա իհարկե ինչ որ իմաստով հասկանալի է, քանի որ նա ստիպված է ադրբեջանական հանրության մոտ թողնել քաջարի տպավորություն, համաձայն Հայաստանին ու Արցախին «հաղթելու» իր խոստումների: Առավել եւս, որ Հասանովը իր հայ պաշտոնակիցներին հանդիպում է առավելապես այդպիսի լուսանկարների շրջանակում: Իսկ ահա Մամեդյարովի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ նա պարբերաբար շփվում է Հայաստանի արտգործնախարարների հետ, ըստ այդմ պետք է որ չունենա հավաքական լուսանկարներում անհարմարավետության խնդիր: Եվ կարծես թե մինչ այժմ այդպիսի բան չէր էլ դրսեւորվել: Բայց Աշգաբադի լուսանկարում Մամեդյարովի անհարմարավետությունը նկատելի էր: Արդյոք դա պայմանավորված է Ադրբեջանում տեղի ունեցող ներիշխանական որոշակի վերադասավորումներով: Օրերս Իլհամ Ալիեւը պաշտոնանկ արեց երկրի վարչապետին, նշանակելով նորին: Իհարկե պաշտոնանկ եղածն էլ, նշանակվածն էլ համարվում են Ալիեւների նախիջեւանյան կլանի ներկայացուցիչ, եւ միեւնույն ժամանակ վարչապետն Ադրբեջանում ազդեցիկ ֆիգուր չէ: Այդուհանդերձ, Ալիեւի այդ քայլը հուշում է հենց ներքին որոշակի խնդիրների առկայության մասին: Ի դեպ, դրա մասին էր հուշում եւ այն, որ Բաքուն օրերս արտոնել էր ընդդիմության հանրահավաքը, սակայն բուն հանրահավաքի հանդեպ ցուցաբերել խիստ ուժային մոտեցում: Այդ հանգամանքն էլ իր հերթին պայմանավորված է արտաքին ուղղությամբ Ադրբեջանի հաջողության բացակայությամբ: Մամեդյարովի անհարմարությունը թերեւս հասկանալի է՝ նա կարող է դառնալ Ալիեւի արտաքին հաջողության բացակայության քավության նոխազ, որքան էլ Մամեդյարովը շատ բան է անում Ալիեւի դեմքը փրկելու հարցում: Այն, որ արտգործնախարարը կարող է դառնալ Ադրբեջանի ներիշխանական ինտրիգների զոհ, խոսվում էր վաղուց: Քանի որ այդ ինտրիգները մտել են նոր փուլ, Մամեդյարովի համար այդ ռիսկը կարող է դառնալ արդիական: Կա՞ այդպիսի մեծ ռիսկ եւ  ի՞նչ է այդ հարցը հայկական կողմի համար: Ակնառու է մի բան, որ թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, թե հեղափոխությունից հետո Երեւանը որոշակիորեն փորձել է «խնայել» Մամեդյարովին, Ադրբեջանում նրա վիճակը չբարդացնելու համար: Կլինի՞ Աշգաբադի լուսանկարը Մամեդյարովի համար վերջինը, թե՞ Ալիեւը չի շտապի արտգործնախարարին քավության նոխազ դարձնելու հարցում, քանի որ առաջիկայում Ադրբեջանին չի սպասում արտաքին առավել արդյունավետ ընթացք, եւ ըստ այդմ քայլը կարող է անիմաստ լինել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
10-10-2019 14:35