Տուրիզմ, տեխնոլոգիաներ. Ալեքսանդր Ցինկերն առանձնացրել է ՀՀ-Իսրայել համագործակցության հարթակները

10-10-2019 14:54

Տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտում Հայաստանը նշանակալի քայլեր է կատարում: Այս համատեքստում Հայաստանն ու Իսրայելը կարող են համագործակցության հնարավորություններ ունենալ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը: «Հայաստանն ու Իսրայելը կարող են տարբեր ուղղություններով աշխատել: Իսրայելը բազմաթիվ ոլորտներում մեծ հաջողություններ ունի և կարող է կիսվել իր փորձով: Ես նկատեցի, որ Հայաստանում խոսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին ուղղված կոչի մասին, որ նրանք վերադառնան հայրենիք, այստեղ ապրեն: Հասկանալի է, որ դա մեկ օրում չի լինում, այս ուղղությամբ պետք է զգալի աշխատանք տանել: Իսրայելն անցել է այդ ճանապարհով: Մեծ թվով քաղաքացիների է ընդունել, ինչը մեծ ներդրում էր տնտեսության համար»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը: Նա կարևորեց Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումը՝ նշելով, որ լավ աշխատանքի արդյունքում հնարավոր է ակտիվություն մտցնել երկու երկրների համագործակցությունում: Մանավանդ, որ վերջին շրջանում արդեն որոշակի տեղաշարժ նկատվում է: «Օրինակ՝ զբոսաշրջության, օդային ուղևորափոխադրումների ոլորտում: Տարիներ առաջ շատ քիչ թվով մարդիկ էին տեղաշարժվում երկու ուղղություններով: Այսօր տեսնում ենք, որ ավելացել է շաբաթվա կտրվածքով թռիչքների հաճախականությունը: Երկու երկրներում կան կոնկրետ տուրիստական կազմակերպություններ, որոնք համակարգված ձևով աշխատում են զբոսաշրջիկներ տեղափոխելու ուղղությամբ: Հայաստանն այս ոլորտում մեծ հնարավորություններ ունի: Այսօր շրջում եմ փողոցներով և տեսնում եմ, որ մարդիկ փոխվել են, նրանց աչքերում հույսի նշույլ եմ նկատում: Խոշոր փոփոխություններ, կարծես, չկա, սակայն հասարակության շրջանում սպասումներ կան»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը: Նա ընդգծեց, որ այս օրերին Հայաստանը  դարձել է միջազգային իրադարձությունների կենտրոն: Աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել Հայաստանը: Ալեքսանդր Ցինկերը կարևոր համարեց երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Նա նշեց, որ այս ուղղությամբ զգալի անելիքներ կան, իհարկե, Իսրայելը ընտրությունների փուլում է, սակայն, կարծում է, որ Հայաստանից պետք է հաճախ լինեն խորհրդարանական, փորձագիտական, հասարակական սեկտորի պատվիրակությունների այցեր: Ալեքսանդր Ցինկերն անդրադարձավ հայ-իսրայելական նախագծին, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու հիմնում Գյումրիում: «Այսօր աշխարհը գնում է առցանց առևտրի ճանապարհով: Այս գործում ապրանքների փոխադրումներ իրականացնողներին անհրաժեշտ են տարածքներ, հանգույցներ, որտեղ կհավաքվեն ապրանքները և կտեղափոխվեն տարբեր ուղղություններով: Ինչպես գիտենք, Գյումրիի օդանավակայանն այդքան ծանրաբեռնված չէ, ահա այդ հնարավորությունը կարող է օգտագործվել՝ հաշվի առնելով նաև եվրասիական ուղղությունը: Որքան գիտեմ, արդեն տարածք հատկացվել է, սակայն այս մասին Իսրայելում շատ չի խոսվում: Կարծում եմ, որ ճիշտ կլինի ակտիվ աշխատել, որ տեղեկատվությունը լայն տարածում գտնի»,-հավելեց նա:

Lragir.am,
10-10-2019 14:54