Մասնակցեք «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի դրամաշնորհային մրցույթին. ԿԳՄՍ

10-10-2019 15:23

Եվրոպական հանձնաժողովի կարևորագույն դրամաշնորհային ծրագրերից մեկը՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ն Հայաստանում ապրող ստեղծագործական խմբերին հնարավորություն է տալիս համատեղ ծրագրեր իրականացնել եվրոպական մշակութային կազմակերպությունների, հիմնադրամների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի «Աջակցություն եվրոպական համագործակցության նախագծերին-2020» դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունումը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին: «Հասկանում եմ, որ միջազգային դրամաշնորհային նախագծեր մշակելն այնքան էլ հեշտ չէ, բայց դա հմտություն է, որը պետք է ձեռք բերել ու լինել ակտիվ:  Սա մեր մշակույթը արտերկրում ներկայացնելու, այն համամարդկային կամ համաեվրոպական մշակույթի մաս դարձնելու հրաշալի հնարավորություն է»,-հոկտեմբերի տասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը դեռևս միացած է ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին, սակայն ավելի լավ կլինի, եթե միանա նաև «Մեդիա» ենթածրագրին, որը հնարավորություններ  կբացի նաև կինոարտադրության ոլորտում: «Այժմ քննարկման փուլում է կինոյի մասին օրենքը, որը շրջանառության մեջ դրվելուց հետո, մենք ավելի լուրջ հիմք կունենանք ծրագրի «Մեդիա» բաղադրիչին միանալու համար»,-շեշտեց նախարարի տեղակալն ու հավելեց, թե իրենք շահագրգռված են, որ հնարավորինս շատ կազմակերպություններ հայտեր ներկայացնեն դրամաշնորհային մրցույթին: Ծրագրի օժանդակությամբ Եվրոպայում արդեն երեք տասնամյակ ստեղծվում են  բազմաթիվ նախաձեռնություններ թատրոնի, գրականության, գեղարվեստի, երաժշտության և այլ ոլորտներում այնպիսի ձևաչափով, ինչպես օրինակ՝ համատեղ ներկայացումներ, փառատոններ, արվեստի ոլորտի գործիչների կարողությունների հզորացում, լսարանի զարգացում, թվայնացում և այլն: 2018 թվականից «Գեղարվեստի ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը» ևս ծրագրի մասնակից է:  Նրանք Գերմանիայի, Իտալիայի և Հունաստանի իրենց գործընկերների հետ իրականացնում են ImPart ներառական թատերական նախագիծը, որի շրջանակում բեմադրված համատեղ ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Հունաստանում: «Փոքր թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի խոսքով` այժմ Եվրոպայում մեծ տարածում ունի մի շարժում, որով արվեստը փորձում են հնարավորինս հասանելի դարձնել հանդիսատեսների տարբեր խմբերին: «Մեր նախագծի նպատակն էր հետազոտությունների արդյունքում ստեղծել նոր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան ներկայացումն ավելի հասանելի դարձնել բոլոր  սոցիալական խմբերին: Դա իրականում շատ լուրջ հետազոտական աշխատանք էր. միջազգային խումբ էր աշխատում, լսում էինք փորձագետների խորհուրդները: Արդյունքում Աթենքի ազգային օպերայի ալտերնատիվ բեմում երեք ներկայացում բեմ բարձրացան, որոնցից մեկի հեղինակը ես էի: Բեմադրությունները մեծ ընդունելություն ունեցան»,-պատմեց Բադալյանը: Նա շեշտեց, որ այսօր այդ երեք ներկայացումները ճամփորդում են տարբեր երկրներում: Ծրագրի հիմնական դրույթներից մեկի համաձայն փոքրածավալ համագործակցության նախագծերի համար ԵՄ կողմից տրամադրվում է մինչև 200 հազար եվրոյի չափով դրամաշնորհ, որը պետք է  ներկայացնի նախագծի ընդհանուր գործառնական ծախսերի առավելագույնը` 60 տոկոսը: Այս պարագայում դիմորդ կողմը պետք է ներառի մեկ նախագծի ղեկավար կազմակերպություն և առնվազն երկու եվրոպական գործընկեր կազմակերպություն` երեք տարբեր երկրներից: Լայնածավալ համագործակցության  նախագծերի համար Եվրամիության կողմից տրամադրվում է մինչև 2 մլն եվրոյի չափով դրամաշնորհ, որը պետք է ներկայացնի նախագծի ընդհանուր գործառնական ծախսերի առավելագույնը` 50 տոկոսը: Այս պարագայում դիմորդ կողմը պետք է ներառի մեկ նախագծի ղեկավար կազմակերպության և առնվազն հինգ եվրոպական գործընկեր կազմակերպություն` վեց տարբեր երկրներից: Հայտերի ընդունման վերջնաժամկետը այս տարվա նոյեմբերի 27-ն է: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը եվրոպական հանձնաժողովի շրջանակային ծրագրերից է, որն ուղղված է մշակութային և տեսալսողական ոլորտների աջակցմանը: 2014-2020 թվականներին ծրագիրը նախատեսում է 1,46 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն տրամադրել մշակութային և ստեղծարար ոլորտներին՝ ճարտարապետական, արխիվային, գրադարանային և թանգարանային, գեղարվեստական արհեստների, շոշափելի և ոչ նյութական մշակութային ժառանգության, դիզայնի և այլ բնագավառների ամրապնդման և աջակցման համար: Այն բաղկացած է երկու խոշոր ենթածրագրերից՝ մշակույթ և մեդիա: 2018 թվականից Հայաստանը պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին:

Lragir.am,
10-10-2019 15:23