ՀՀ կառավարությունն ընդունեց Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխության նախագիծը

10-10-2019 16:33

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ին ընդունեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած փոփոխությունը Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում: Առաջարկվում է նոր շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կառուցապատողից պահանջվող փաստաթղթերի ցանկից (հոդված 37, 1-ին մաս) հանել «սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը»: Նիստում Կադաստրի կոմիտեն ներկայացնող ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը նախ ընդգծեց, որ նոր ստեղծված գույքի գրանցման փուլում սահմանված կարգով հաստատված շինության նախագիծն անհրաժեշտ փաստաթուղթ է, և հնարավոր է համարում այն հանել գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկից միայն այն դեպքում, եթե տեղադրված լինի համապատասխան հարթակում և հասանելի լինի Կադաստրի կոմիտեի համար: Առաջարկեց խնդրին տալ ոչ թե կետային, այլ «փաթեթային» լուծում՝ Ինտեգրված կադաստրի ստեղծումով, որի վերաբերյալ որոշումը կառավարությունն ընդունել է 2019 թ. մայիսին: Ըստ այդմ, նա փոխանցեց Կադաստրի կոմիտեի բացասական դիրքորոշումն օրինագծին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց, որպեսզի հեղինակն օրենքում փոփոխության ընդունման ժամկետ արձանագրի 2021 թվականի հունվարի 1-ը, երբ ամբողջովին թվայնացված կլինի Հայաստանում կադաստրին առնչվող տվյալների ամբողջ համակարգը: Քվեարկությունից հետո հարցը եզրափակելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ խոսեց տվյալների ամբողջական թվայնացման մոտալուտ հեռանկարի մասին, «երբ նույն փաստաթուղթը երկրորդ անգամ չեն պահանջում քաղաքացուց» և երբ «պետական մեկ գերատեսչության տրամադրած փաստաթուղթը հասանելի է լինում մյուսին»: Օրենքի ուժ ստանալու համար փոփոխությունը պետք է ներկայացվի Ազգային ժողով: Կադաստրի կոմիտեի լրատվություն

Lragir.am,
10-10-2019 16:33