Տասնյակ հայ ընտանիքներ տեղափոխվել են ապահով շրջան.Դեսպանությունը մանրամասներ է հաղորդում Սիրիայից

10-10-2019 16:57

Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Սիրիայում Հայաստանի դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ: «Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների, Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
10-10-2019 16:57