Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի մասնակիցներին

10-10-2019 17:07

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ»  խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին: Համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց համաժողովի ընթացքի և արդյունքների մասին` կարևորելով նման համաժողովների առաքելությունը մարտահրավերների հաղթահարման ուղիների որոնման գործում: Այնուհետև հյուրերին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց Մայր Աթոռում գումարված միջազգային համաժողովին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցության կապակցությամբ, նաև իր գնահատանքը փոխանցեց Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած զեկուցողներին Մայր Աթոռի հրավերն ընդունելու և իրենց փորձառությամբ կիսվելու համար: Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ ազատությունն ու իրավունքը քրիստոնեական հավատքի մեջ  կարևորագույն ու հիմնարար արժեքներ են, սակայն փաստեց նաև, որ 21-րդ դարում արժեքային համակարգի վերաբերյալ ձևավորվող ազատական գաղափարախոսություններն ու նոր մտայնությունները խեղաթյուրում են հասարակության  ավանդական արժեքները և թիրախավորում քրիստոնեական արժեհամակարգը: Խորը մտահոգություն հայտնելով այդ երևույթի առնչությամբ` Հայոց Հայրապետը կարևորեց Եկեղեցիների և քրիստոնյաների  ջանքերի և հնարավորությունների  համատեղումը կործանարար ազդեցություններից հասարակությունը և մասնավորապես ընտանիքները զերծ պահելու գործում:  Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նման  համաժողովները կնպաստեն հոգևոր, բարոյական արժեհամակարգի  ամուր պահպանմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց նաև միջազգային համաժողովի կազմակերպիչներին ի դեմս Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի: Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին ժամանակակից մարտահրավերների հաղթահարման միջոցներին, քրիստոնեական հոգևոր և բարոյական արժեքներն այլափոխումներից զերծ պահելու ուղիներին, ինչպես նաև Հայոց Եկեղեցու կողմից հայ ընտանիքի ամրապնդմանն ու զորացմանն ուղղված ձեռնարկներին:

Lragir.am,
10-10-2019 17:07