Նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան

10-10-2019 17:34

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է նախարարության աջակցությամբ առաջին անգամ Երեւանում անցկացվող «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո N2 համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Հակոբ Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց կապի եւ թվային ենթակառուցվածքների զարգացման: Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ պետք է զարգանա նաեւ Կառավարության կառուցվածքը, ինչի իրագործմանն էլ միտված է նորաստեղծ նախարարության գործունեությունը, որը ներառում է նաեւ կապի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտը՝ ինտեգրված թվային ենթակառուցվածքների հետ: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում: Մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում հասանելի է 4G ինտերնետ կապ, սակայն դա բավարար չէ: Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով: «Կապի ենթակառուցվածքների դերը մենք բարձր ենք գնահատում, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի առաջանցիկ տեմպերով զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նախարարն իր խոսքն ավարտել է՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի կապի ոլորտը՝ թե՛ ծառայությունների, թե՛ ենթակառուցվածքների մասով, եւս մի քանի քայլ առաջ մղել: Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին: Նա կարեւորել է նման քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ նույն գաղափարի շուրջ մեկ տեղում հավաքված տարբեր մասնագետների ու ընկերությունների տեսակետների հանրագումարը կարող է կարեւոր հետեւությունների հանգեցնել՝ արդյունավետ լինելով բոլորի համար: Նա ներկայացրել է նաեւ իրենց ընկերության գործունեությունը, որը 20 տարուց ավելի է՝ համարվում է ինտերնետ կապի եւ ծառայությունների մատուցման սյուներից մեկը: Մասնակիցներին ողջույնի խոսք են հղել նաեւ RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Օպերատորների հայկական միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ArmIGF–ի համակարգող Լիաննա Գալստյանը: «N2» միջազգային համաժողովի օրակարգում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop): Եռօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան եւ այլն:

Lragir.am,
10-10-2019 17:34